Կառավարության որոշումներ

29 Օգոստոսի 2019, 1412 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔՈՒՄ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ ՍՏԵՂԾԵԼՈՒ, «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԼՈԳԻՍՏԻԿ ՊԱՐԿ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԼՈԳԻՍՏԻԿ ՊԱՐԿ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից մասնավոր նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու և այդ գոտու կազմակերպիչ ճանաչվելու համար ներկայացված հայտը, Մասնավոր նախաձեռնությամբ ազատ տնտեսական գոտի ստեղծելու համար հայտը գնահատող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը, «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը, ինչպես նաև հաշվի առնելով մարզում վերոնշյալ ազատ տնտեսական գոտի ստեղծելու համար լոգիստիկ ենթակառուցվածքի առկայությունը, մասնավորապես` միջազգային գործող օդանավակայանի, «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի, գործող երկաթուղային ցանցի առկայությունը և դրան հարակից հողատարածքների առկայությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ստեղծել ազատ տնտեսական գոտի (այսուհետ` ԱՏԳ)` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքում Մարմաշենի խճուղի թիվ 17, Մարմաշենի խճուղի թիվ 19, Մարմաշենի խճուղի թիվ 21, Մարմաշենի խճուղի թիվ 60 և Մարմաշենի խճուղի թիվ 66 հասցեներում գտնվող տարածքում` համաձայն N 3 հավելվածում նշված սահմանագծի, օտարերկրյա ուղղակի ներդրումների, երկրի ներդրումային գրավչության բարձրացման, նոր աշխատատեղերի ստեղծման և կայուն տնտեսական զարգացումը խթանելու նպատակով:
2. Սահմանել`
1) ԱՏԳ-ի գործառնական տեսակը որպես լոգիստիկ և արտադրական՝ սույն որոշմամբ հաստատված N 1 հավելվածով սահմանված ոլորտներում.
2) շահագործողների ներառման կարգը շահագործողների ռեեստրում` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 727-Ն որոշման N 3 հավելվածի.
3) ԱՏԳ տարածքին և սահմանագծին ներկայացվող պահանջները` համաձայն N 2 հավելվածի.
4) «Ազատ մաքսային գոտի» ընթացակարգի կիրառումը Գյումրի քաղաքի Մարմաշենի խճուղի թիվ 17 հասցեի տարածքում.
5) ԱՏԳ-ի գործունեության ժամկետը՝ 40 տարի:
3. Ճանաչել «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԼՈԳԻՍՏԻԿ ՊԱՐԿ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (գրանցման համար` 273.110.973-462) որպես ԱՏԳ-ի կազմակերպիչ:
4. Հաստատել`
1) ԱՏԳ-ի տարածքի սահմանագիծը` համաձայն N 3 հավելվածի.
2) «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԼՈԳԻՍՏԻԿ ՊԱՐԿ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացրած ԱՏԳ ստեղծելու գործարար ծրագիրը` համաձայն N 4 հավելվածի.
3) ԱՏԳ-ում գործունեության վերաբերյալ կազմակերպչի կողմից Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացվող հաշվետվության ձևը` համաձայն N 5 հավելվածի:
5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԼՈԳԻՍՏԻԿ ՊԱՐԿ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել պայմանագիր:
6. ԱՏԳ-ի գործունեության գործարկման վերջնաժամկետը սահմանել փուլերով` սույն որոշման 5-րդ կետով սահմանված պայմանագրում ամրագրված ժամանակացույցի համաձայն` յուրաքանչյուր փուլի գործարկումը կազմակերպելով «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հավելված

Հավելված

Հավելված

Հավելված

 

Արխիվ

2024

2023