Կառավարության որոշումներ

24 Հոկտեմբերի 2019, 1472 - Ա

«ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ԵՎ «ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ «ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասը, 64-րդ հոդվածի 1-ին մասը և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ, 67-րդ և 68-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. «Ստանդարտների ազգային ինստիտուտ» 100 տոկոս պետական բաժնեմասով փակ բաժնետիրական ընկերությունը (գրանցման համարը 222.120.00210) և «Չափագիտության ազգային ինստիտուտ» 100 տոկոս պետական բաժնեմասով փակ բաժնետիրական ընկերությունը (գրանցման համարը 269.140.01169) միաձուլման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերություն:
2. Սահմանել, որ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերությունը հանդիսանում է «Ստանդարտների ազգային ինստիտուտ» և «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունների իրավահաջորդը, և դրանց իրավունքներն ու պարտականություններն անցնում են «Ստանդարտների և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն)՝ փոխանցման ակտերին համապատասխան:
3. Ընկերության` Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող բոլոր 100 տոկոս բաժնետոմսերի կառավարման լիազորությունները և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 4-ամսյա ժամկետում`
1) հաստատել միաձուլման պայմանագիրը, փոխանցման ակտերը, միաձուլման կարգը և պայմանները, բաժնետոմսերի փոխարկման կարգը, ընկերության կանոնադրությունը.
2) ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող գույքային իրավունքների և կանոնադրության գրանցումը, ինչպես նաև «Ստանդարտների ազգային ինստիտուտ» և «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունների գործունեության դադարեցման պետական գրանցումը` ընկերության հաշվին:

 

Արխիվ

2024

2023