Կառավարության որոշումներ

14 Նոյեմբերի 2019, 1611 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի N 884-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 646-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ և 37-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 10-ի «Կենդանական աշխարհի օբյեկտների՝ սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերի կնքման կարգը հաստատելու մասին» N 884-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի «բ» ենթակետը.
2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում սիրողական ձկնորսության ու որսի օբյեկտ չհանդիսացող կենդանիներ են համարվում Հայաստանի Հանրապետությունում սիրողական որսի և ձկնորսության օբյեկտ հանդիսացող կենդանիների ցանկում և Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում չընդգրկված վայրի կենդանիների տեսակները:».
3) ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ կետի «բ» ենթակետը.
4) N 1 հավելվածում՝
ա. «Հավելված N 1» բառերը փոխարինել «Հավելված» բառով,
բ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Յուրաքանչյուր տարի լիազորված մարմինը սահմանում է որսի կենդանիների ցանկում ներառված կենդանիների որսի օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները և, համապատասխան իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո, 1 շաբաթվա ընթացքում զանգվածային լրատվական միջոցներով ծանուցում է հասարակությանը։»,
գ. 9-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) պայմանագրի կնքման մասին հայտ՝ նշելով իրավաբանական անձի (անվանումը, պետական գրանցման կամ վկայականի համարը, գտնվելու վայրը) կամ ֆիզիկական անձի (անունը, ազգանունը, անձնագրի տվյալները, փաստացի բնակության վայրը) տվյալները, սոցիալական նպատակներով օգտագործման ենթակա վայրի կենդանիների տեսակները, չափաքանակը, տարածքը (մարզը, որսահանդակը), օգտագործման ժամանակը (որսի իրականացման համար նախատեսված օրը կամ օրերը) և որսամիջոցները,»,
դ. 9-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9.1-ին, 9.2-րդ և 9.3-րդ կետերով.
«9.1. Հայտերն ընդունվում են առձեռն կամ էլեկտրոնային փոստով կամ սիրողական ձկնորսության և որսի հայտերի ընդունման էլեկտրոնային համակարգի միջոցով։
9.2. Սիրողական ձկնորսության ու որսի օբյեկտ չհանդիսացող կենդանիների սոցիալական նպատակներով օգտագործման մասին հայտերն ընդունվում են միայն առձեռն կամ էլեկտրոնային փոստով։
9.3. Սիրողական ձկնորսության ու որսի օբյեկտ չհանդիսացող կենդանիների սոցիալական նպատակներով օգտագործման մասին յուրաքանչյուր ներկայացված հայտ ուսումնասիրվում է լիազոր մարմնի կողմից և, հայտի բավարարման դեպքում, սիրողական ձկնորսության ու որսի օբյեկտ չհանդիսացող կենդանիների յուրաքանչյուր տեսակի որսի և ձկնորսության ժամկետները, չափաքանակները և տարածքը նշվում են լիազորված մարմնի հետ վայրի կենդանիների սոցիալական նպատակներով օգտագործման մասին կնքված պայմանագրում։»,
ե. ուժը կորցրած ճանաչել 10-րդ կետը.
զ. 11-րդ կետը «15-օրյա ժամկետում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սիրողական ձկնորսության և որսի հայտերի ընդունման էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացված հայտերի,» բառերով,
է. 11-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11.1-ին կետով.
«11.1. Սիրողական ձկնորսության և որսի հայտերի ընդունման էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացված հայտերը մերժվում կամ հաստատվելուց հետո պայմանագիրը տրամադրվում է էլեկտրոնային համակարգում ներդրված ինքնաշխատ եղանակով։»,
ը. 12-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) հայտում ներկայացված վայրի կենդանու տեսակի վիճակի որակական և քանակական տվյալների վերաբերյալ ոչ բարենպաստ ցուցանիշները, իսկ որսի օբյեկտ չհանդիսացող կենդանիների համար նաև տվյալների բացակայությունը,»,
թ. 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ» ենթակետով.
«դ) հայտում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արգելված միջոցներ, կամ ձևեր, կամ գործիքներ, կամ մեթոդներ, կամ որսի համար արգելված կենդանատեսակներ կամ կենդանատեսակներ, որոնց համար որսաշրջանի ընթացքում թույլատրելի չափաքանակներ սահմանված չեն կամ վայրի կենդանատեսակների օգտագործման թույլատրելի չափաքանակներից ավելի չափաքանակներ կամ որսի իրականացման համար թույլատրելի տարածքներից դուրս տարածքներ նշված լինելը:»,
ժ. 12-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 12.1-ին կետով.
«12.1. Սիրողական ձկնորսության ու որսի օբյեկտ չհանդիսացող կենդանիների սոցիալական նպատակներով օգտագործման մասին հայտի մերժման հիմք են հանդիսանում հայտում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արգելված միջոցներ, կամ ձևեր, կամ գործիքներ, կամ մեթոդներ նշելը և սույն կարգի 12-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերով սահմանված դրույթները։»,
ժա. 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16. Պայմանագրի մեջ նշվում են իրավաբանական անձի (անվանումը, պետական գրանցման կամ վկայականի համարը և գտնվելու վայրը) կամ ֆիզիկական անձի (անունը, ազգանունը, անձնագրի տվյալները, փաստացի բնակության վայրը) տվյալները, օգտագործման ենթակա տարածքը, մարզը, որսահանդակը, վայրի կենդանիների անվանումը (տեսակները), չափաքանակը, օգտագործման ժամանակը (որսի իրականացման համար նախատեսված օրը կամ օրերը), որսամիջոցը (հրազենով որս իրականացնելու դեպքում` որսորդական զենք կրելու վկայականի համարը, ում կողմից է տրված, տրման ամսաթիվը), բնօգտագործման վճարի չափը, գործող օրենսդրության համաձայն վճարման կարգն ու պայմանները, կողմերի իրավունքներն ու պարտականությունները, պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնելու հիմքերը։»:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում կենդանիների սիրողական որսի և ձկնորսության, ձկնորսության և որսի օբյեկտ չհանդիսացող կենդանիների որսի կատարման կանոնները հաստատելու մասին» N 646-Ն որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Արխիվ

2024

2023