Կառավարության որոշումներ

19 Դեկտեմբերի 2019, 1863 - Ա

«ՄԵՂՐՈՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածը և 68-րդ հոդվածի 7-րդ մասը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1067-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրու համայնքի Լեհվազ գյուղի 4-րդ փողոցի թիվ 2 հասցեում գտնվող՝ 11 800 000 դրամ գնահատված արժեքով, 159.3 քառ. մետր մակերեսով ամբուլատորիայի շենքը, Լիճք գյուղի 1-ին փողոցի թիվ 13 հասցեում գտնվող՝ 11 400 000 դրամ գնահատված արժեքով, 160.0 քառ. մետր մակերեսով ամբուլատորիայի շենքը և Շվանիձոր գյուղի 1-ին փողոցի թիվ 18/1 հասցեում գտնվող՝ 6 400 000 դրամ
գնահատված արժեքով, 163.8 քառ. մետր մակերեսով ամբուլատորիայի շենքը՝ համապատասխան հողատարածքներով (այսուհետ՝ գույք) վճարել ընկերության կողմից տեղաբաշխված՝ պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Սույն որոշման 1-ին կետից բխող գործարքի արդյունքում ընկերության մոտ առաջացող ավելացված արժեքի հարկը և շահութահարկը վճարել «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել ընկերության կանոնադրական կապիտալի՝ համապատասխան չափով փոփոխության պետական գրանցումը՝ «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին։
5. Սույն որոշման 4-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված՝ սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրու համայնքին՝ որպես նախադպրոցական ուսումնական հաստատություններ օգտագործելու նպատակով նվիրաբերելու համար։
6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետու
թյան Սյունիքի մարզի Մեղրու համայնքի ղեկավարի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության մասին պայմանագիր՝ դրանում սահմանելով, որ՝
1) համաձայն Մեղրու համայնքի կողմից ներկայացված ծրագրի` գույքը մանկապարտեզների վերակառուցելու նպատակով Մեղրու համայնքը պարտավորվում է 2020 թվականին իրականացնել 76 547 140 դրամի ներդրում, որից՝
ա. Լեհվազ գյուղի 4-րդ փողոցի թիվ 2 հասցեում գտնվող՝ 159.3 քառ. մետր մակերեսով շենքի վերակառուցման համար՝ 20 000 000 դրամ,
բ. Լիճք գյուղի 1-ին փողոցի թիվ 13 հասցեում գտնվող՝ 160.0 քառ. մետր մակերեսով շենքի վերակառուցման համար՝ 20 000 000 դրամ,
գ. Շվանիձոր գյուղի 1-ին փողոցի թիվ 18/1 հասցեում գտնվող՝ 163.8 քառ. մետր մակերեսով շենքի վերակառուցման համար՝ 36 547 140 դրամ.
2) նվիրաբերության պայմանի խախտման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության պահանջով նվիրաբերությունը կհամարվի վերացված, և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրու համայնքը պարտավոր է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել նվիրաբերված գույքը՝ դրա վրա կատարված անբաժանելի բարելավումների հետ միասին.
3) պայմանագրի նոտարական վավերացման և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրու համայնքի միջոցների հաշվին։

 

Արխիվ

2024

2023