Կառավարության որոշումներ

26 Դեկտեմբերի 2019, 1922 - Լ

«ՄԱՍԴԱՐ ԱՐՄԵՆԻԱ ԾՐԱԳԻՐ» ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ «Մասդար Արմենիա ծրագիր» ներդրումային ծրագրին (այսուհետ՝ ծրագիր)` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին`
1) ծրագրի յուրաքանչյուր փուլի համար հրապարակային հրավերի միջոցով հայտարարել միջազգային մրցույթ՝ հնարավորություն ընձեռելով այլ կազմակերպությունների ներկայացնելու ծրագրի տվյալ փուլի համար Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցության համաձայնագրի նախագծով առաջարկված սակագնից առավել ցածր սակագնով ծրագիրն իրականացնելու հայտ.
2) ծրագրի յուրաքանչյուր փուլի համար հրապարակային հրավերի միջոցով իրականացվող միջազգային մրցույթի արդյունքներն ամփոփել և հաղթողին հայտարարել ոչ ուշ, քան 2020 թվականի հոկտեմբերի 15-ը՝ առաջին փուլի և 2021 թվականի հոկտեմբերի 15-ը՝ երկրորդ փուլի համար.
3) ծրագրի յուրաքանչյուր փուլի իրականացման համար մշակել և համապատասխանաբար՝ առաջին փուլի համար՝ մինչև 2020 թվականի ապրիլի 15-ը, իսկ երկրորդ փուլի համար՝ մինչև 2021 թվականի ապրիլի 15-ը, Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել՝
ա) տվյալ փուլի հրապարակային հրավերի միջոցով մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջները, մրցույթի անցկացման ընթացակարգը և հաղթողի ընտրության չափորոշիչները,
բ) տվյալ փուլի մրցույթի մասնակիցներին ներկայացվող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցության համաձայնագրի նախագիծը։
3. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին՝ աջակցել ծրագրի շրջանակներում արևային ֆոտովոլտային կայանների կառուցման համար Հայաստանի Հանրապետության Արագածոտնի և Կոտայքի մարզերի վարչական սահմաններում դիտարկված տեղանքների համար տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքների իրականացմանը:
4. Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` ծրագրի շրջանակներում նախատեսվող կայանների կառուցման համար անհրաժեշտ հողհատկացումների և հողամասերի նպատակային նշանակության վերաբերյալ առաջարկությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում:
5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սահմանված կարգով ներկայացնել առաջարկություն` ծրագրի շրջանակներում նախատեսվող կայանների կառուցման համար անհրաժեշտ հողհատկացումների և հողամասերի նպատակային նշանակության վերաբերյալ՝ դիտարկելով նվիրաբերության տարբերակը, ծրագիրը հավանության արժանանալուց հետո երկու ամսվա ընթացքում:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

 

Արխիվ

2024

2023