Կառավարության որոշումներ

5 Մարտի 2020, 243 - Ա

«ԵՐՎԵՐԵԼԱԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 16-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) իր ենթակայության` 109494,19 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Երվերելակ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) (գտնվելու վայրը` ք. Երևան, Մասիսի նրբ. 13) 100 տոկոս պետական բաժնետոմսերը (1364 հատ, յուրաքանչյուրը՝ 4427 դրամ անվանական արժեքով) մասնավորեցնել դասական աճուրդով:
2. Սահմանել (հաշվետու ժամանակահատվածը՝ 2019 թվականի ապրիլի 1-ի դրությամբ) ընկերության բաժնետոմսերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով գնահատված արժեքը և մեկնարկային գինը 100 299,385 հազ. դրամ:
3. Սահմանել, որ ընկերության գնահատված պարտավորությունները 2019 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 9 194,8 հազ. դրամ, այդ թվում՝
1) կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով՝ 4 308,9 հազ. դրամ.

 2) կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին՝ 3 394,0 հազ. դրամ.
3) այլ կրեդիտորական պարտավորություններ՝ 1 491,9 հազ. դրամ:
4. Ընկերության պարտավորությունները 2019 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 9 975,6 հազ. դրամ, այդ թվում՝
1) կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով՝ 5 146,6 հազ. դրամ.
2) կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին՝ 2 465,4 հազ. դրամ.
3) կրեդիտորական պարտավորություններ փոխառության գծով՝ 550,0 հազ. դրամ:
4) այլ կրեդիտորական պարտավորություններ՝ 1 813,6 հազ. դրամ:
5. Կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, կազմակերպել և անցկացնել աճուրդ։ Աճուրդը չկայանալու դեպքում 15 օր հետո անցկացնել երկրորդ աճուրդը՝ նույն պայմաններով.
2) առաջին աճուրդի անցկացման օրվանից առնվազն 30 օր առաջ մամուլում և զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել, ինչպես նաև www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրել ընդհանուր տեղեկություններ՝ գույքի, աճուրդների անցկացման պայմանների, ժամկետների, աճուրդների մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
3) աճուրդի հաղթողի (այսուհետ` գնորդ) կողմից առաջարկված գնի, բաժնետոմսերի արժեքի որոշման համար նախատեսված՝ 468 300 դրամի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է՝
ա. իր միջոցների հաշվին վճարել պայմանագրի կնքման, ինչպես նաև ընկերության արժեթղթերի (բաժնետոմսերի) ռեեստրի վարման և պահառության դիմաց վճարումները,
բ. բաժնետոմսերի սեփականատերերի փոփոխության վերաբերյալ համապատասխան գրանցում կատարել բաժնետոմսերի ռեեստրը վարող մասնագիտացված կազմակերպությունում։

 6. Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանվում է աճուրդով մասնավորեցման ենթակա գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: Գնորդի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ։ Հաղթող մասնակցի կողմից սահմանված ժամկետում հետագա վճարումները չկատարելու դեպքում մասնակցության նախավճարը չի վերադարձվում և այն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
7. Սահմանել, որ գնորդը գույքի վաճառքի գումարը վճարում է աճուրդի արդյունքների ամփոփման մասին արձանագրությունը ստորագրվելու օրվանից 10-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե՝ ըստ գույքի գտնվելու վայրի:

 

Արխիվ

2024

2023