Կառավարության որոշումներ

13 Մարտի 2020, 280 - Ն

ՎՐԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածումը կանխելու նպատակով և հիմք ընդունելով «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Մինչև 2020 թվականի մարտի 24-ը ներառյալ սահմանափակել Վրաստանի հետ ցամաքային և օդային հաղորդակցությունը՝ թույլատրելով միայն՝
1) ցամաքային հաղորդակցության դեպքում՝
ա. Վրաստանից Հայաստանի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետությունից Վրաստան բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը: Ընդ որում, թույլատրվում է միայն տրանսպորտային միջոցի վարորդի և փոխարինող մեկ վարորդի մուտքը և ելքը,
բ. Վրաստանից Հայաստանի Հանրապետության տարածքով Իրանի Իսլամական Հանրապետություն բեռնափոխադրումներ իրականացրած տրանսպորտային միջոցների վերադարձը Վրաստան՝ Հայաստանի Հանրապետության տարածքով,
գ. Վրաստանի քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների վերադարձը Հայաստանի Հանրապետությունից Վրաստան,
դ. Վրաստանից Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների վերադարձը Հայաստանի Հանրապետություն,
ե. Վրաստանից պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանող Վրաստանի քաղաքացի հանդիսացող պաշտոնատար անձանց, նրանց ուղեկցողների և Հայաստանի Հանրապետությունից պաշտոնական այցով Վրաստան մեկնող Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող պաշտոնատար անձանց ու նրանց ուղեկցողների մուտքը և ելքը,
զ. Վրաստանում և Հայաստանի Հանրապետությունում միմյանց դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների մուտքն ու ելքը,
է. Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող, սակայն Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող անձանց՝ Վրաստանից Հայաստանի Հանրապետություն մուտքը.
2) օդային հաղորդակցության դեպքում՝ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «գ»-«է» պարբերություններով նախատեսված անձանց մուտքը (վերադարձը):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2024

2023