Կառավարության որոշումներ

16 Մարտի 2020, 298 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հաշվի առնելով աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19, այսուհետ` վարակ) տարածման դեպքերը և այդ վարակն Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի` 2020 թվականի մարտի 13-ի հայտարարությամբ որպես պանդեմիա որակելու հանգամանքը,
հիմք ընդունելով, որ Հայաստանի Հանրապետությունում, առավելապես` Հայաստանի Հանրապետության Վաղարշապատ քաղաքում վարակի տարածման հետևանքով համաճարակային իրադրությունը, որպես համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակ, սպառնում է բնակչության կյանքին և առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման,
ելնելով նման արտակարգ իրավիճակում մարդկանց կյանքի և առողջության ապահովման գերակայության սկզբունքից, ինչպես նաև համաճարակի կանխարգելման, համաճարակային իրադրության պայմաններում բնակչության պաշտպանության, բնակչության առողջության պահպանման և առողջական վիճակի բարելավման նպատակով սանիտարականխարգելիչ, կարանտինային հատուկ միջոցառումների, վարակի տարածումը կանխելու և վերացնելու հատուկ պայմաններ և ռեժիմ սահմանելու, ինչպես նաև բնակչության պաշտպանության կանխարգելիչ այլ աշխատանքների և միջոցառումների ժամանակին, պատշաճ, օպերատիվ, արդյունավետ կազմակերպման և իրականացման անհրաժեշտությունից,
հաշվի առնելով, որ վարակի տարածմանն էականորեն նպաստում կամ կարող են նպաստել, իսկ կանխարգելմանը` խոչընդոտել այլ, այդ թվում` վարակված բնակչության բարձր ցուցանիշներ ունեցող երկրներից պոտենցիալ վարակակիր անձանց՝ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու, Հայաստանի Հանրապետության տարածքում անձանց ազատ տեղաշարժվելու, հանրային միջոցառումներին մասնակցելու, համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ, իսկ ախտանիշների առկայության դեպքում` բժշկական զննություն չանցնելու հանգամանքները,
հիմք ընդունելով այն, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 120-րդ հոդվածը Հայաստանի Հանրապետության կառավարությանը լիազորում է երկրում արտակարգ դրություն հայտարարել սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում և այն, որ վարակի տարածումը զանգվածաբար սպառնում է մարդկանց կյանքին ու առողջությանը, և նման արտակարգ իրավիճակը կարող է անմիջական սպառնալիք հանդիսանալ սահմանադրական կարգի համար` վտանգելով սահմանադրական կարգի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածով սահմանված սոցիալական պետության բաղադրիչը և, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածով սահմանված` մարդու, որպես բարձրագույն արժեք հանդիսանալու սահմանադրական կարգավիճակը, ինչը պետությանը պարտավորեցնում է միջոցներ ձեռնարկել անձանց կյանքի ու առողջության պաշտպանության համար,
նկատի ունենալով այն, որ վարակի տարածման սահմանների և դրանով վարակված անձանց թվի ավելացման պայմաններում համապատասխան կանխարգելիչ աշխատանքների և միջոցառումների իրականացումը և դրանց արդյունքում անձանց կյանքի և առողջության պաշտպանությունը հնարավոր չի լինի ապահովել առանց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված` մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման, մասնավորապես, անձնական ազատության (հոդված 27), ազատ տեղաշարժվելու իրավունքի (հոդված 40), հավաքների ազատության (հոդված 44), սեփականության իրավունքի (հոդված 60) և արտակարգ դրության ժամանակ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանափակման ենթակա այլ իրավունքները և ազատությունները` իրավիճակի պահանջով և օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես կասեցնելու կամ լրացուցիչ սահմանափակումների ենթարկելու,
և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 76-րդ հոդվածով, 120-րդ հոդվածի 1-ին մասով և «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 1-ին, 3-րդ, 4-րդ և 8-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է .

1. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով հայտարարել արտակարգ դրություն:
2. Արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով ստեղծել պարետատուն (այսուհետ` պարետատուն): Պարետատան ղեկավարման համար պարետ նշանակել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին (այսուհետ` պարետ):
3. Պարետատան կազմում ի պաշտոնե ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի ղեկավարը, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենը, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավարը, Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարը և Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը:
4. Պարետատան աշխատանքների սպասարկումն ապահովում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը:
5. Պարետի հրավերով պարետատան աշխատանքներին կարող են մասնակցել պետական մարմինների, կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչները, նախարարությանը ենթակա մարմինների ղեկավարները, Հայաստանի Հանրապետության մարզպետները, համայնքների ղեկավարները:
6. Պարետի ցուցումները պարտադիր են պարետատան կազմի, պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարների և ներկայացուցիչների, ինչպես նաև արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովելու նպատակով օգտագործվող ոստիկանության, ազգային անվտանգության ուժերի համար։
7. Սահմանել արտակարգ դրության ժամանակ կիրառվող միջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները, արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցները` համաձայն հավելվածի:
8. Սահմանել, որ արտակարգ դրության շրջանակներում կիրառվող միջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները, հաշվի առնելով համաչափության սկզբունքը, կիրառվում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կամ պարետատան կողմից որոշված տարածքների սահմաններում: Արտակարգ դրության շրջանակներում կիրառվող միջոցառումների իրականացման և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների կիրառումն ապահովելու համար պարետի ցուցումով կարող են ներգրավվել արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող` ոստիկանության, ազգային անվտանգության պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները։
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Հավելված

Արխիվ

2024

2023