Կառավարության որոշումներ

26 Մարտի 2020, 381 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 276-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի «Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» N 276-Ն որոշման մեջ (այսուհետ՝ Որոշում) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.2-1.4-րդ կետերով՝
«1.2. Սահմանել, որ`
1) Որոշմամբ սահմանված՝ անձի կամ նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա բժշկասոցիալական վերափորձաքննություններն իրականացվում են հատուկ ընթացակարգով՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1 տարի ժամկետով, բացառությամբ առողջական վիճակը վատթարանալու, հեռակա փորձաքննությունների, հաշմանդամության պատճառական կապը փոխելու, մահվան պատճառական կապը, մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը որոշելու, վերականգնողական անհատական ծրագիր մշակելու (լրացնելու) և փոփոխություններ կատարելու, «հաշմանդամ երեխա» կարգավիճակից հետո 18 տարին լրանալու, 17 տարեկանից հետո հաշմանդամությունը «մինչև 18 տարին լրանալը» ժամկետով և օրենքով տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալուց հետո անժամկետ սահմանելու դեպքերում իրականացվող բժշկասոցիալական վերափորձաքննությունների.
2) սույն որոշման 1.2-րդ կետի 1-ին ենթակետում նշված ժամկետում վերափորձաքննության համար դիմող անձանց փորձաքննությունն իրականացվում է հետևյալ հատուկ ընթացակարգով`
ա. վերափորձաքննության համար դիմող անձը (ներկայացուցիչը) ներկայացնում է միայն Որոշման N 2 հավելվածով հաստատված ձևի դիմումը, առանց դիմումին կցվող՝ հիվանդության, վնասվածքի, խեղման հետևանքով օրգանիզմի կայուն ֆունկցիաների խանգարումով պայմանավորված առողջության խաթարումը հաստատող բժշկական փաստաթղթերի,
բ. բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինները վերափորձաքննությունն իրականացնում են առանց անձի օբյեկտիվ զննության,
գ. բժշկասոցիալական փորձաքննական որոշում կայացնելու օրվանից հետո եռօրյա ժամկետում անձին տրամադրվում է բժշկասոցիալական փորձաքննական նոր որոշումը (վարչական ակտը)՝ նախորդ տարվա բժշկասոցիալական փորձաքննական որոշումով, 1 տարի ժամկետով,
դ. Որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 13-րդ կետում նշված վարչական վարույթ բժշկասոցիալական փորձաքննության գործում լրացվում են միայն անձնական տվյալների և եզրափակիչ մասերը,
ե. բժշկասոցիալական փորձաքննական որոշման քաղվածքը մեկշաբաթյա ժամկետում ուղարկվում է անձի հաշվառման վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում կամ փաստացի բնակության վայրն սպասարկող կենսաթոշակ նշանակելու իրավասություն ունեցող մարմին:
1.3. Հաստատել բժշկասոցիալական փորձաքննության գործընթացն իրականացնելու հատուկ ընթացակարգը՝ համաձայն N 3 հավելվածի:
1.4. Որոշումը լրացնել N 3 հավելվածով՝ համաձայն հավելվածի:».
2) Որոշմամբ հաստատված N 1 հավելվածը 10.2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.3-րդ կետով՝
«10.3. Մինչև 16 տարեկան երեխաների բժշկասոցիալական փորձաքննության նպատակով դիմում ներկայացրած ծնողի կամ խնամակալի մահվան, այլ անձի կողմից որդեգրման, ինչպես նաև ծնողների ամուսնալուծության, ծնողին ընտանեկան օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 59-61-րդ հոդվածներով նախատեսված հիմքերի առկայության դեպքում, սահմանված կարգով ծնողական իրավունքներից զրկելու, 64-րդ հոդվածով սահմանված՝ ծնողական իրավունքների սահմանափակման, քաղաքացիական օրենսգրքի 41-րդ հոդվածով սահմանված դեպքերում և կարգով՝ խնամակալին և (կամ) հոգաբարձուին իրենց պարտականությունների կատարումից ազատելու և քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով նոր խնամակալ նշանակելու, Օրենսգրքի 129-րդ, 130-րդ հոդվածների համաձայն՝ որդեգրման վերացման, Օրենսգրքով նախատեսված՝ խնամատար ընտանիքի մոդելի կիրառության արդյունքում 137.1-ին հոդվածով նախատեսված՝ խնամատար ընտանիքում երեխայի խնամքը և դաստիարակությունը կազմակերպելու մասին պայմանագրի կնքման դեպքերում բժշկասոցիալական փորձաքննական որոշման քաղվածքի մեջ ներկայացուցչի անձնական տվյալների փոփոխության համար, նոր ներկայացուցիչը գրավոր դիմում է բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին՝ ներկայացնելով վերոնշյալ փաստերը հավաստող փաստաթղթեր:».
3) Որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 11-րդ կետի 2-րդ նախադասության «հաշմանդամի» և «հաշմանդամը» բառերը փոխարինել «անձի» և «անձը» բառերով և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝
«Անձը կամ նրա ներկայացուցիչը հեռակա բժշկասոցիալական փորձաքննության կարող է դիմել հաշմանդամության սահմանված ժամկետի ավարտից հետո՝ երեք ամսվա ընթացքում։».
4) Որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 11.1-ին կետում «հաշմանդամություն ունեցող անձն» բառերը փոխարինել «անձն» բառով.
5) Որոշմամբ հաստատված N 1 հավելվածը 29-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 29.1-ին կետով՝
«29.1. Սույն որոշման 29-րդ կետով սահմանված, առողջական վիճակի վատթարանալու հիմքով, անձը բժշկասոցիալական վերափորձաքննության համար կարող է դիմել անհրաժեշտ ախտորոշիչ, բուժական (այդ թվում՝ վիրահատական) և վերականգնողական միջոցառումների իրականացումից հետո, իսկ տևական բուժում պահանջող հիվանդությունների ժամանակ` նաև բուժման ընթացքում, սակայն ոչ վաղ, քան բուժման սկզբից 3 ամիս հետո (բացառությամբ Հայաստանի Հանրապետության առողջապահության և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների հաստատած` վերականգնման հեռանկարի բացակայություն ունեցող հիվանդությունների ցանկի)։»։
2. Մինչև 2020 թվականի հունիսի 1-ը բժշկասոցիալական փորձաքննություններն իրականացնել սույն որոշման 1-ին կետով հաստատված՝ N 3 հավելվածով սահմանված բժշկասոցիալական փորձաքննության հատուկ ընթացակարգով:
3. Հաշմանդամություն ունեցող այն անձանց, ում հաշմանդամության խմբի կամ «հաշմանդամ երեխա» կարգավիճակի համար սահմանված ժամկետը լրանում է մինչև սույն թվականի մայիսի 1-ը, հաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակն ուժի մեջ է մնում մինչև սույն որոշման 2-րդ կետով սահմանված ժամկետը՝ հաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակով պայմանավորված իրավունքների և արտոնությունների պահպանմամբ։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2020 թվականի մարտի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։ 

հավելված

Արխիվ

2024

2023