Կառավարության որոշումներ

26 Մարտի 2020, 385 - Ն

ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ, ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ԱԶԳԱՅԻՆ ՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐՆ ՈՒ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1158-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել`
1) վարորդական վկայական ստանալու քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը` համաձայն N 2 հավելվածի.
3) ազգային վարորդական վկայականի ձևը և նկարագիրը` համաձայն N 3 հավելվածի.
4) միջազգային վարորդական վկայականի ձևը և նկարագիրը` համաձայն N 4 հավելվածի:
2. Որակավորման գործնական քննություն (այսուհետ՝ գործնական քննություն) ընդունող քննական մարմինների աշխատակիցները պետք է անցնեն վերապատրաստում՝ երկու տարին մեկ անգամ չորս օր տևողությամբ և հինգ տարին մեկ անգամ հինգ օր տևողությամբ, որի կազմակերպման և անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը:
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահին գործնական քննություն ընդունող քննական մարմինների աշխատակիցները համարվում են որակավորված, իսկ նրանց վերապատրաստում անցնելու ժամկետները հաշվարկվում են սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից։
4. Մինչև ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները գործնական քննություն ընդունելու համար նախատեսված՝
1) ավտոդրոմներով կամ ավտոհրապարակներով ապահովելը` սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված կարգով նախատեսված գործնական քննությունն ընդունվում է ճանապարհային երթևեկության իրական պայմաններում.
2) քննական տրանսպորտային միջոցներով ապահովելը` վարորդական վկայական ստանալու գործնական քննությունները կարող են անցկացվել վարորդի թեկնածուի կամ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված կարգի 49-րդ կետով նախատեսված ներկայացուցչի կամ տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցման գործունեություն իրականացնող կազմակերպությունների (նրանց համաձայնությամբ) մեխանիկական (տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու գործնական քննության դեպքում` նաև ավտոմատ) փոխհաղորդակով տրանսպորտային միջոցներով:
5. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`
1) ճանապարհային ոստիկանության տարածքային ստորաբաժանումները գործնական քննություն ընդունելու համար նախատեսված տրանսպորտային և տեխնիկական միջոցներով ապահովել մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել վարորդական վկայական ստանալու քննություններ ընդունող և վարորդական վկայական տվող ստորաբաժանումների քանակն ու տեղակայման վայրերը:
6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի «Վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացնելու ենթակա փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև ազգային ու միջազգային վարորդական վկայականների ձևերն ու նկարագրերը սահմանելու մասին» N 1158-Ն որոշումը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 6 ամիս հետո:

հավելված

Արխիվ

2024

2023