Կառավարության որոշումներ

9 Ապրիլի 2020, 530 - Ն

«ԳԵՈԴԵԶԻԱ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1853-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետը և 25-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել Կադաստրի կոմիտեի ենթակայության «Գեոդեզիա և քարտեզագրություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ կազմակերպություն) (պետական գրանցման ամսաթիվը՝ 17.04.2012 թ. համարը՝ 222.210.90050, հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Կոմիտաս 35/2):
2. Կադաստրի կոմիտեի ղեկավարին`
1) կազմակերպության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով՝ դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (մեկ անդամ), Կադաստրի կոմիտեի (երկու անդամ` հանձնաժողովի նախագահ և անդամ-քարտուղար), Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (մեկ անդամ) ներկայացուցիչների.
2) հաստատել լուծարման հանձնաժողովի կողմից կազմված լուծարման հաշվեկշիռը.
3) կազմակերպության լուծարման աշխատանքներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել կազմակերպության գործունեության դադարեցման պետական գրանցումը:
3. Սահմանել, որ կազմակերպության լուծարումից հետո՝
1) պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած՝
ա․ դրամական միջոցներն ուղղվելու են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե,
բ․ շարժական և անշարժ գույքն ամրացվելու է Կադաստրի կոմիտեին։
4․ Կազմակերպության լուծարման հաշվեկշիռը կազմելու օրվա դրությամբ կազմակերպության դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի «Հողաշինարարության, անշարժ գույքի գնահատման և համակարգված դիտարկումների կենտրոն» ու «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպելու մասին» N 1853-Ն որոշումը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


 

Արխիվ

2024

2023