Կառավարության որոշումներ

13 Ապրիլի 2020, 543 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-ԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 298-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19, այսուհետ նաև` վարակ) հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին և առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման,
հիմք ընդունելով այն, որ 2020 թվականի մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս չեն վերացել, որի մասին են վկայում, մասնավորապես, 2020 թվականի ապրիլի 13-ի դրությամբ հաստատված կորոնավիրուսային հիվանդության 1039 դեպքերը, որոնցից 211-ը` առողջացած, 14-ը` մահվան ելքով (2020 թվականի մարտի 16-ից հետո դեպքերի թվի աճը կազմել է 1009), ինչպես նաև այն, որ Հայաստանի Հանրապետությունում վարակի հետագա տարածումը և վարակի դեպքերի թվի աճը շարունակում է սպառնալ մարդկանց կյանքին ու առողջությանը,
հաշվի առնելով այն, որ նման արտակարգ իրավիճակը շարունակում է անմիջական սպառնալիք հանդիսանալ սահմանադրական կարգի համար` վտանգելով սահմանադրական կարգի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածով սահմանված սոցիալական պետության բաղադրիչը և, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածով սահմանված` մարդու՝ որպես բարձրագույն արժեք հանդիսանալու սահմանադրական կարգավիճակը, ինչը պետությանը պարտավորեցնում է շարունակական միջոցներ ձեռնարկել անձանց կյանքի ու առողջության պաշտպանության համար, իսկ 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ընթացքում կիրառված միջոցառումներն ու սահմանափակումներն զգալի ազդեցություն են ունեցել վարակի տարածման դեպքերը նվազեցնելու գործում,
հիմք ընդունելով այն, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը լիազորում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը երկարաձգել արտակարգ դրության ժամկետը, եթե արտակարգ դրություն հայտարարելու հիմք ծառայած հանգամանքները չեն վերացել մինչև արտակարգ դրության ժամկետի ավարտը
և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 76-րդ հոդվածով, 120-րդ հոդվածի 1-ին մասով և «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Երկարաձգել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» N 298-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման 1-ին կետում «ապրիլի 14-ը ժամը 17:00-ն» բառերը փոխարինել «մայիսի 14-ը ժամը 17:00-ն» բառերով.
2) որոշման հավելվածում՝
ա. 2-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Ֆիզիկական և իրավաբանական անձանց անշարժ և շարժական գույքը կամ դրա մասը (այսուհետ սույն գլխում` գույք) կարող են օգտագործվել արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման նպատակով։
10.1. Գույքի oգտագործման մասին որոշմամբ սահմանվում են`
1) գույքի օգտագործման կարգը և այն միջոցառումները, որոնց շրջանակներում օգտագործվելու է գույքը.
2) գույքի օգտագործման ժամանակահատվածը` արտակարգ դրության ժամկետը չգերազանցող ժամկետով:
10.2. Գույքի օգտագործումը ենթակա է դադարեցման՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի վերացման հիմքով:
10.3. Գույքն oգտագործման հանձնելու և դրա դիմաց փոխհատուցում տրամադրելու կարգի նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 18-ի N 760-Ն որոշմամբ սահմանված դրույթները: Գույքը կամավոր կերպով օգտագործման հանձնվելու դեպքում դրա դիմաց փոխհատուցումը կարող է տրամադրվել գույքի օգտագործման մասին որոշմամբ սահմանված կարգով, որի դեպքում չեն կիրառվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 18-ի N 760-Ն որոշմամբ սահմանված` փոխհատուցման կարգի վերաբերյալ դրույթները:
10.4. Սույն գլխով սահմանված սահմանափակումների, այդ թվում` գույքի օգտագործման մասին որոշում կայացնելու, գույքն օգտագործելու, ինչպես նաև գույքի պահպանության իրականացման և դրա օգտագործման դիմաց փոխհատուցում տրամադրելու համար պատասխանատու է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:»,
բ. 3-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 15.1-ին կետով.
«15.1. Արտակարգ դրության ընթացքում Հայաստանի Հանրապետության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության համար սահմանափակվում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից` Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 1247-րդ հոդվածի հիմքով կայացված վարչական ակտերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից կայացված վարչական ակտերի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումով 2020 թվականի ապրիլի 14-ից հետո հարուցված կատարողական վարույթներով պարտապանի գույքի վրա արգելանք դնելու լիազորությունը: Սույն կետով սահմանված հիմքերով չկիրառված արգելանքները ենթակա են կիրառման «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով` արտակարգ դրությունը դադարելուց հետո:»,
գ. 7-րդ գլուխն ուժը կորցրած ճանաչել:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
 

Արխիվ

2024

2023