Կառավարության որոշումներ

23 Ապրիլի 2020, 593 - Ն

ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԶՈՐԱՑՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ և 25-րդ հոդվածի 1-ին մասերով ու «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայտարարել 2020 թվականի մայիսի 1-ից մինչև օգոստոսի 30-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը (այսուհետ` 2020 թվականի ամառային զորակոչ), որոնց 18 տարին լրանում է մինչև 2020 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2020 թվականի հուլիսի 31-ը ներառյալ:
2. 2020 թվականի ամառային զորակոչի շրջանակներում մինչև 2020 թվականի օգոստոսի 11-ը ներառյալ զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:
3. Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:
4. 2020 թվականի ամառային զորակոչի կազմակերպման նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով՝ համաձայն N 1 հավելվածի, և մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ՝ համաձայն N 2 հավելվածի:
5. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 3 հավելվածի:
6. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`
1) «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո յոթնօրյա ժամկետում ընդունել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչի անցկացման և օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրաքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին զինվորական ծառայությունից արձակելու մասին հրաման` դրանում նախատեսելով, որ զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով իրականացվում է 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 30-ը ներառյալ, իսկ օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացվում է 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 11-ը ներառյալ.
2) 2020 թվականի ամառային զորակոչից խուսափող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների տվյալներն ուղարկել ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ, իսկ զորակոչի ավարտից հետո` նրանց վերաբերյալ կազմված նյութերը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի համապատասխան կայազորային քննչական բաժիններ.
3) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ ապահովել 2020 թվականի ամառային զորակոչի նախապատրաստական, քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության, ինչպես նաև զինված ուժերի համալրման աշխատանքների կազմակերպման ընթացքում նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածման և զինված ուժեր ներթափանցման դեպքերի կանխարգելման անհրաժեշտ միջոցառումների իրականացումը։
7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին շարունակել զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև այդ բնույթի գործերով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը:
8. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման համակարգի այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) ղեկավարներին, մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին`
1) հայտարարված զորակոչին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն և (կամ) նրա տարածքային ստորաբաժանումներ չներկայացած կամ քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների վերաբերյալ տվյալներ ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում` Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.
2) իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչի ենթակա քաղաքացիների ներկայանալը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն և (կամ) նրա ստորաբաժանումներ:
9. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված հետազոտությունների և պատվաստումների իրականացումն ապահովելու նպատակով հանձնարարել իրավասու ծառայություններին՝ համապատասխան բժշկական հաստատություններին ապահովելու անհրաժեշտ քանակով պատվաստանյութերով, ֆլյուորո (ռենտգեն) և ԷՍԳ ժապավեններով, երևակման նյութերով:
10. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների միջոցով հյուպատոսական հաշվառման կանգնած պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ծանուցել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի պահանջներին համապատասխան Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն և (կամ) նրա ստորաբաժանումներ ներկայանալու համար.
2) աջակցել օտարերկրյա պետություններում գտնվող` պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն վերադարձին և ապահովել դրա մասին իրազեկումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետին:
11.Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`
1) ապահովել`
ա. հասարակական կարգի պահպանությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ և հանրապետական հավաքակայանի տարածքներում,
բ. զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ու նրանց ներկայանալը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ.
2) զորակոչի ընթացքում զորակոչիկների խմբերը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևան քաղաքի և մարզերի տարածքային ստորաբաժանումներից մինչև հանրապետական հավաքակայան, իսկ հանրապետական հավաքակայանից մինչև Երևանի սահմաններից դուրս փոխադրող ավտոբուսների ուղեկցումն անվտանգ իրականացնելու համար կցել ճանապարհային ոստիկանության անձնակազմեր:
12. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը` «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով զորակոչիկների փոխադրումներն իրականացնելու համար:
13. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` զորակոչի ենթակա քաղաքացիների կողմից զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում:
14. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին`
1) 2020 թվականի ամառային զորակոչի ընթացքում զորակոչային ռեսուրսներն առավելագույնս օգտագործելու նպատակով փոխադրական, ավարտական քննությունները, դիպլոմային աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանություններն ավարտել`
ա. հանրակրթական, նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում` մինչև 2020 թվականի հունիսի 25-ը,
բ. բարձրագույն ուսումնական հաստատություններում` մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը.
2) մինչև 2020 թվականի հունիսի 1-ը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությանը տրամադրել մինչև 2020 թվականի հունիսի 30-ը ներառյալ 18 տարին լրացող` հանրակրթական, նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններն ավարտող, բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննություններին մասնակցելու հայտ ներկայացրած արական սեռի քաղաքացիների անվանական ցուցակները.
3) մինչև 2020 թվականի հուլիսի 14-ը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կամ հետբուհական ուսումնական հաստատություններ ընդունված զորակոչիկների անվանացուցակը` ըստ բնակության վայրի հասցեների Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումների.
4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումների բժշկական և ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների զոակոչային բժշկական հանձնաժողովներում նոր նշանակված բժիշկ-մասնագետների համար, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում պետպատվերի շրջանակներում, կազմակերպել «Զորակոչիկների ռազմաբժշկական փորձաքննության 35-ժամյա ծրագրով» կատարելագործման դասընթացներ:
15. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին` ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1132-Ն որոշմամբ սահմանված ժամկետներում օրենքով նախատեսված եզրակացությունների և առաջարկությունների ներկայացման համար մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովի նիստերի անցկացումը:
16. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

 

Արխիվ

2024

2023