7 Մայիսի 2020, 708 - Ն
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԵԶԻԴԵՆՏ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՁԻ (ԱՆՁԱՆՑ) ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանափակել Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ չհանդիսացող անձի (անձանց), այդ թվում՝ վերջիններիս հետ համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով) մասնակցությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության՝ պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում ներառված գնման առարկաների մրցակցային ձևով կազմակերպվող գնումների գործընթացին, բացառությամբ այն անձի (անձանց), որը (որոնք) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ունի (ունեն) այդպիսի պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման կամ տարանցիկ փոխադրման կամ դրա առևտրի միջնորդական գործունեության լիցենզիա:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված գնումների դեպքում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ չհանդիսացող, այդ թվում՝ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից կազմակերպված փակ պարբերական մրցույթների արդյունքում նախաորակավորված Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ չհանդիսացող անձանց հրավեր տրամադրվում է սույն որոշման 1-ին կետով նախատեսված թույլտվությունը հավաստող փաստաթուղթը (փաստաթղթերը) և լիցենզիան ներկայացվելու դեպքում: