Կառավարության որոշումներ

14 Մայիսի 2020, 729 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-ԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 298-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19, այսուհետ նաև` վարակ) հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին ու առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման,
հիմք ընդունելով այն, որ 2020 թվականի մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս չեն վերացել, որի մասին են վկայում, մասնավորապես, 2020 թվականի մայիսի 14-ի դրությամբ հաստատված կորոնավիրուսային հիվանդության 3860 դեպքերը, որոնցից 1572-ը` առողջացած, 49-ը` մահվան ելքով (2020 թվականի մարտի 16-ից հետո դեպքերի թվի աճը կազմել է 3830), ինչպես նաև այն, որ Հայաստանի Հանրապետությունում վարակի հետագա տարածումը և վարակի դեպքերի թվի աճը շարունակում են սպառնալ մարդկանց կյանքին ու առողջությանը,
հաշվի առնելով այն, որ նման արտակարգ իրավիճակը շարունակում է անմիջական սպառնալիք հանդիսանալ սահմանադրական կարգի համար` վտանգելով սահմանադրական կարգի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածով սահմանված սոցիալական պետության բաղադրիչը և, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածով սահմանված` մարդու՝ որպես բարձրագույն արժեք հանդիսանալու սահմանադրական կարգավիճակը, ինչը պետությանը պարտավորեցնում է շարունակական միջոցներ ձեռնարկել անձանց կյանքի ու առողջության պաշտպանության համար,
հիմք ընդունելով այն, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը լիազորում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը երկարաձգել արտակարգ դրության ժամկետը, եթե արտակարգ դրություն հայտարարելու հիմք ծառայած հանգամանքները չեն վերացել մինչև արտակարգ դրության ժամկետի ավարտը
և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 76-րդ հոդվածով, 120-րդ հոդվածի 1-ին մասով և «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Երկարաձգել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով` մինչև 2020 թվականի հունիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» N 298-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 1-ին կետում «մայիսի 14-ը ժամը 17:00-ն» բառերը փոխարինել «հունիսի 13-ը ժամը 17:00-ն» բառերով.
2) որոշման 3-րդ կետը «ենթակառուցվածքների նախարարը,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը,» բառերով.
3) որոշման 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Պարետը համակարգում և ղեկավարում է պարետատան աշխատանքները, արտակարգ դրության տարածքում արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերը և միջոցները, ինչպես նաև արտակարգ դրության պայմաններում կիրառվող միջոցառումների իրականացման և սահմանափակումների կիրառման համար պատասխանատու մարմինների աշխատանքը:».
4) 8-րդ կետում «պարետատան» բառը փոխարինել «պարետի» բառով, իսկ «ցուցումով» բառը՝ «կողմից» բառով.
5) որոշման հավելվածում՝
ա. 5-րդ կետում «սահմանափակվել այդ անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքը որոշակի տարածքի (վայրի) սահմաններում» բառերը փոխարինել «կիրառվել հարկադիր հոսպիտալացում կամ մեկուսացում:» բառերով,
բ. 6-րդ կետում «անձինք պետք է տեղափոխվեն հատուկ նախատեսված կարանտինային վայրեր» բառերը փոխարինել «անձանց նկատմամբ կիրառվում է մեկուսացում» բառերով,
գ. 7-րդ կետում «Պարետի ցուցումով» բառերը փոխարինել «Պարետի որոշմամբ Հայաստանի Հանրապետության տարածքում կամ» բառերով,
դ. 7-րդ կետի 1-ին ենթակետից հանել «պարետի ցուցումով`» բառերը,
ե. 7-րդ կետի 4-րդ ենթակետում «տեղափոխում հատուկ նախատեսված կարանտինային վայրեր կամ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ» բառերը փոխարինել «մեկուսացում կամ հոսպիտալացում, այդ թվում՝ հարկադիր հոսպիտալացում» բառերով,
զ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7.2-7.7-րդ կետերով.
«7.2. Սույն որոշման իմաստով մեկուսացում է համարվում անձանց, այդ թվում` հիվանդի կամ վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց (կոնտակտավորների) առանձնացումը դրա համար նախատեսված որոշակի տարածքում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը բացառելու և վարակի տարածումը կանխելու նպատակով:
7.3. Սույն հավելվածով սահմանված դեպքերում անձի մեկուսացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կամ Հայաստանի Հանրապետության առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի անունից` համապատասխան մարմնի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձի գրավոր կարգադրությամբ, իսկ տվյալ պահին այն գրավոր ձևակերպելու անհնարինության դեպքում` բանավոր կարգադրությամբ, որը հասցեատիրոջ բանավոր կամ գրավոր պահանջով ենթակա է հետագա գրավոր ձևակերպման ոչ ուշ, քան պահանջն ստանալուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Մեկուսացման ենթակա յուրաքանչյուր անձ իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է մեկուսացման պատճառների, մեկուսացման վայրի, բժշկական խորհրդատվության մատչելիության իրավունքի և իր պարտականությունների մասին: Մեկուսացման ենթարկված անձի պահանջով մեկուսացում կիրառող մարմինը պարտավոր է անձի մեկուսացման մասին անհապաղ տեղեկացնել նրա ընտրած անձին։
7.4. Մեկուսացման նպատակով անձը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցչի հսկողությամբ և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կամ Հայաստանի Հանրապետության առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցչի ուղեկցությամբ տեղափոխվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված մեկուսացման վայր: Մեկուսացման վայրում անձի համար ապահովվում են կեցության, այդ թվում` սննդի, բժշկական խորհրդատվություն ստանալու հնարավորությունը: Մեկուսացման վայրում մեկուսացման պայմանների նկատմամբ հսկողոթյունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կամ Հայաստանի Հանրապետության առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի կողմից, իսկ բժշկական խորհրդատվություն տրամադրում են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձինք` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կամ Հայաստանի Հանրապետության առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ընդհանուր վերահսկողությամբ:
7.5. Սույն հավելվածի 7.2-7.4.-րդ կետերը կիրառվում են նաև անձանց հարկադիր հոսպիտալացման դեպքերի նկատմամբ:
7.6. Անձի նկատմամբ մեկուսացումը, որպես կանոն, կիրառվում է 14 օրացուցային օրով: Այն դեպքում, երբ անձը դեռևս վարակված չէ, սակայն առկա են հիմնավոր կասկածներ, որ վերջինիս մոտ կարող է հաստատվել վարակի առկայությունը, մեկուսացումը կարող է երկարաձգվել ևս 14 օրացուցային օրով, իսկ այն դեպքում, երբ մեկուսացման ընթացքում անձի մոտ հաստատվել է վարակի առկայությունը, մեկուսացումը կարող է երկարաձգվել մինչև անձի բուժումը կամ վարակի բացակայության փաստի հաստատումը: Մեկուսացումը երկարաձգելու դեպքում անձն անցնում է ամենօրյա բժշկական զննություն և ենթակա է մեկուսացումից անհապաղ ազատման, եթե վերացել են մեկուսացումը երկարաձգելու հիմքերը:
7.7. Սույն հավելվածով սահմանված դեպքերում անձնական ազատության իրավունքը սահմանափակող ակտերը կարող են վիճարկվել վարչական կամ դատական կարգով` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքին և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքին համապատասխան:»,
է. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8.1-ին կետով.
«8.1. Սույն հավելվածով սահմանված՝ ազատ տեղաշարժվելու իրավունքի և տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումները կարող են կիրառվել նաև որպես պայմանով սահմանափակումներ՝ պարետի կողմից սահմանված կարգով և պայմաններով, ընդ որում, պարետի կողմից սահմանված համապատասխան կարգի և պայմանների խախտումը համարվում է համապատասխանաբար ազատ տեղաշարժվելու իրավունքի և տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումների խախտում:»,
ը. 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Քրեակատարողական հիմնարկներում և ձերբակալվածներին պահելու վայրերում`
1) թույլատրվում է շաբաթական մեկ անգամ մեկ հանձնուքի, ծանրոցի կամ փաթեթի ստանալը կամ ուղարկելը, ընդ որում, անձին հանձնուք, ծանրոց կամ փաթեթ ուղարկելու կամ նրանից հանձնուք, ծանրոց կամ փաթեթ ստանալու նպատակով քրեակատարողական հիմնարկի կամ ձերբակալվածներին պահելու վայրի տարածք կարող է մուտք գործել միայն մեկ անձ.
2) արգելվում է տեսակցություններ ունենալը՝ բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի:»,
թ. 3-րդ և 4-րդ գլուխներում «ցուցումով» բառը փոխարինել «որոշմամբ» բառով,
ժ. 17-րդ կետում «20» թիվը փոխարինել «5» թվով,
ժա. 4-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 17.1-ին կետով.
«17.1. Սույն գլխով սահմանված սահմանափակումները կարող են կիրառվել նաև որպես պայմանով սահմանափակումներ՝ պարետի կողմից սահմանված կարգով և պայմաններով:»,
ժբ. 20-րդ կետից հանել «և ցուցումներով» բառերը,
ժգ. 6-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 22.1-ին կետով.
«22.1. Սույն գլխով սահմանված սահմանափակումները կարող են կիրառվել նաև որպես պայմանով սահմանափակումներ՝ պարետի կողմից սահմանված կարգով և պայմաններով, ընդ որում, պարետի կողմից սահմանված համապատասխան կարգի և պայմանների խախտումը համարվում է ֆինանսատնտեսական գործունեության իրականացման սահմանափակումների խախտում:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
 

Արխիվ

2024

2023