Կառավարության որոշումներ

14 Մայիսի 2020, 742 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵԾ ՄԱՍՐԻԿԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ «ՄԱՍՐԻԿ-1» ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 4-րդ և 7-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկի համայնքում «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման ներդրումային ծրագրի (այսուհետ` ծրագիր) իրականացման նպատակով սույն որոշման հավելվածում նշված՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գեղամասարի համայնքի Արփունք բնակավայրում գտնվող ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող տարածքների նկատմամբ ճանաչել բացառիկ` հանրության գերակա շահ հետևյալ հիմնավորումներով`
1) ծրագիրն ունի համապետական կարևոր նշանակություն, քանի որ նպաստում է ընդհանուր էներգետիկ հաշվեկշռում վերականգնվող էներգիայի մասնաբաժնի մեծացմանը, էներգետիկ անվտանգության և սպառողների էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացմանը.
2) ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել` առանց սույն որոշման հավելվածում նշված տարածքների օտարման, քանի որ էլեկտրահաղորդման գծի կառուցումն ու շահագործումն անհնար են առանց հենարանների տեղակայման համար անհրաժեշտ հողատարածքների ձեռքբերման, որոնց ընտրությունն իրականացվել է սահմանված շինարարական և տեխնիկական նորմերի շրջանակներում` բնակավայրերի, պատմամշակութային հուշարձանների, բնապահպանական տարածքների և ենթակառուցվածքների շրջանցմամբ.
3) սույն որոշման հավելվածում նշված տարածքների նկատմամբ բացառիկ` հանրության գերակա շահի ճանաչումը չհիմնավորված վնաս չի պատճառում սեփականատերերին, քանի որ ծրագրի շրջանակներում կառուցվող բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի նախագծման փուլում հաշվի են առնվել բոլոր շահագրգիռ մարմինների և ազդակիր համայնքների առաջարկություններն ու դիտողությունները, և ֆիզիկական անձանց պատկանող հողամասերը հնարավորինս շրջանցվել են:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման հավելվածում նշված տարածքների ձեռք բերող է հանդիսանում «Էֆարվի Մասրիկ» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ ձեռք բերող).
2) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2020 թվականի դեկտեմբերի 30-ն է.
3) սեփականության oտարման գործառույթների իրականացումը համակարգող լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է (այսուհետ՝ լիազոր մարմին).
4) սույն որոշումից ծագող օտարվող սեփականության նկատմամբ օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետում` ձեռք բերողի հաշվին.
5) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 7-օրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկվում է օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց.
6) սույն որոշմամբ բացառիկ` հանրության գերակա շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացնել սույն որոշման ընդունման ամսաթվից հետո 3-ամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ սահմանված կարգով և նկարագրության արձանագրության օրինակելի ձևով.
7) պետության և ձեռք բերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանվում են օրենքի հիման վրա` լիազոր մարմնի և ձեռք բերողի միջև կնքված պայմանագրին համապատասխան:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

հավելված

Արխիվ

2024

2023