Կառավարության որոշումներ

21 Մայիսի 2020, 811 - Ն

ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Պետական տուրքի մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը «Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցում» ծրագրի գլխավոր կապալառու իրանական «Սանիր» ընկերության օտարերկրյա քաղաքացի աշխատողներն ազատվում են մուտքի արտոնագրի տրամադրման համար նախատեսված պետական տուրքի վճարումից:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` մինչև 2021 թվականի հունվարի 21-ը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացնել հաշվետվություններ սույն որոշման 1-ին կետում նշված պետական տուրքի չափի վերաբերյալ:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին`
1) սույն որոշման 1-ին կետում նշված օտարերկրյա քաղաքացիների ցանկը Հայաստանի Հանրապետության մուտքի ժամկետից տասն օր առաջ ներկայացնել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն և Հայաստանի Հանրապետության ոստիկանություն.
2) սույն որոշման 2-րդ կետում նշված հաշվետվություններն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից այդ հաշվետվություններում նշված գումարի չափով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը սույն որոշման 1-ին կետում նշված պետական տուրքի վճարումից ազատված մուտքի արտոնագրերի համար նախատեսված պետական տուրքի գումարների փոխարեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու նպատակով գումար հատկացնելու վերաբերյալ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

Արխիվ

2024

2023