Կառավարության որոշումներ

4 Հունիսի 2020, 885 - Ն

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԲՆԱԿԱՐԱՆՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱԴՈՆՑԻ ՓՈՂՈՑԻ N 19/8 ՀԱՍՑԵՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 86-րդ հոդվածի 3-րդ կետին, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 14-րդ կետին համապատասխան` բնակարանային շինարարությունը խրախուսելու և կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացմանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հանրային ծառայողներին բնակարանով ապահովման նպատակով հաստատել Երևան քաղաքի Ադոնցի փողոցի N 19/8 հասցեում (Արաբկիր վարչական շրջան) «ՄԼ-ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից (այսուհետ՝ կառուցապատող) կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի բնակարանների և ավտոկայանատեղիների վաճառքի կարգը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման 1-ին կետում նշված համալիրի թվով 619 բնակարաններից սույն որոշմամբ սահմանված կարգով վաճառքի ենթակա են թվով 345 բնակարաններ, որոնք սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 2-րդ և 3-րդ կետերում նշված շահառուներին (այսուհետ՝ շահառու) են հանձնվում 2 փուլով. մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը՝ թվով 200 և մինչև 2023 թվականի օգոստոսի 1-ը՝ թվով 145 բնակարան.
2) սույն որոշման 1-ին կետում նշված շենքային համալիրի բնակարանների և ավտոկայանատեղիների բաշխման ու վաճառքի աշխատանքները Հայաստանի Հանրապետության անունից կազմակերպում և ղեկավարում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեն (այսուհետ՝ կոմիտե).
3) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված 345 բնակարաններից սույն որոշման համաձայն չբաշխված բնակարանների վերաբերյալ կոմիտեի կողմից գրավոր տեղեկատվություն ստանալուց հետո կառուցապատողն իրավունք ունի ինքնուրույն, իր հայեցողությամբ, առանց պետության կամ որևէ այլ անձի նախնական համաձայնության օտարել այդ չբաշխված բնակարանները։
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված շենքային համալիրի շենքերից բնակարանների և ավտոկայանատեղիների բաշխման, վաճառքից առաջացած ֆինանսական մուտքերն ու ելքերն իրականացնել կոմիտեի անվամբ բացված` պետական բյուջեի միջոցների և համայնքների բյուջեների միջոցների ենթահաշվից դուրս գործող գանձապետական ավանդային հաշվի միջոցով:
4. Սահմանել, որ սույն որոշման համաձայն՝ սույն որոշման 3-րդ կետում նշված հաշվի մուտքերն են շահառուների կողմից պետությանը կատարվող կանխավճարները, կառուցապատողին միանվագ տարբերակով վճարված կանխավճարի դիմաց ստացված տոկոսները, իսկ ելքերը կատարվում են հետևյալ ուղղություններով՝
1) կառուցապատողի և պետության միջև կնքված նախնական առուվաճառքի պայմանագրի շրջանակներում կառուցապատողին կատարվող կանխավճարներ.
2) շահառուների վճարած կանխավճարի վերադարձներ.
3) սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի՝
ա. 21-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերության և 28-րդ կետի 10-րդ ենթակետի համաձայն Հայաստանի Հանրապետության բյուջե փոխանցվող տուգանքի գումարները,
բ. 18-րդ կետում նշված գրավի առարկայի գնման (հետգնման) գծով փոխանցումները,
4) կոմիտեի կողմից ծրագրի կազմակերպչական ծախսերը, որի տարեկան գումարը չպետք է գերազանցի կառուցապատողին միանվագ տարբերակով վճարված կանխավճարի դիմաց ստացված տոկոսավճարի 30 տոկոսը, սակայն ոչ ավելի, քան 10 (տասը) միլիոն դրամը:
5. Կոմիտեի նախագահին՝ ապահովել՝
1) Հայաստանի Հանրապետության անունից գործող՝ կոմիտեի և կառուցապատողի հետ Երևան քաղաքի Ադոնցի փողոցի N 19/8 հասցեում (Արաբկիր վարչական շրջան) կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագրի և նույն հասցեի կառուցապատվող հողամասի գրավի պայմանագրի կնքումը՝ սույն որոշմամբ հաստատված կարգով սահմանված հիմնական պայմաններով.
2) Հայաստանի Հանրապետության անունից գործող՝ կոմիտեի և շահառուների հետ սույն որոշմամբ հաստատված կարգով նախատեսված համապատասխան համաձայնագրերի կնքումը.
3) յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում կոմիտեի պաշտոնական կայքում հաշվի մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը՝ ընդհանուր ցուցանիշներով.
4) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված 345 բնակարաններից սույն որոշման համաձայն չբաշխված բնակարանների վերաբերյալ կառուցապատողին տեղեկատվության տրամադրումը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

հավելված

Արխիվ

2024

2023