Կառավարության որոշումներ

25 Հունիսի 2020, 1078 - Ա

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ և 22-րդ հոդվածները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն և 2006 թվականի ապրիլի 27-ի N 820-Ն որոշումները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված` պետական սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Նորք-Մարաշ, Նորքի այգիներ փողոց 180 հասցեում գտնվող 2018.12 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները (այսուհետ՝ գույք) և դրա օգտագործման և սպասարկման համար հատկացված 1.84871 հեկտար մակերեսով հողամասն օտարել մրցույթով:
2. Սահմանել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով գույքի գնահատված արժեքը 2020 թվականի հունիսի 1-ի դրությամբ՝ 1 333 763 159 դրամ.
2) մրցույթով օտարման ենթակա գույքի նվազագույն գինը՝ գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 1 333 763 159 դրամ.
3) որ գնորդը պարտավոր է նաև վճարել գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի կադաստրային արժեքը՝ 197 996 841 դրամ:
3. Կոմիտեի նախագահին՝
1) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ կոմիտեի պաշտոնական և www.azdarar.am կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների և մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.
3) մրցույթի հաղթողի կողմից (այսուհետ՝ գնորդ) գույքի վաճառքի գումարի, ինչպես նաև հողամասի կադաստրային արժեքի և գույքի արժեքի որոշման համար մատուցված ծառայությունների դիմաց նախատեսված 221 196 դրամ գումարի (ներառյալ՝ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել օտարման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը.
4) մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցման մեջ ներառել Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրված ներքոհիշյալ տեղեկատվությունը՝
Երևանի քաղաքապետի 2007 թվականի դեկտեմբերի 12-ի N 5413-Ա որոշմամբ Նորք-Մարաշ թաղային համայնքի հաստատված տարածքի գոտիավորման նախագծի համաձայն՝ հողամասը ներառված է բազմաբնակարան բնակելի կառուցապատման գոտում, հետևաբար կառուցապատման հնարավոր չափորոշիչներն անհրաժեշտ է ընդունել՝ առաջնորդվելով ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերով ամրագրված պահանջներով, մասնավորապես՝ կառուցապատման տոկոսն ընդունելով մինչև 60 %, ներառյալ՝ ճանապարհները և սալվածքները, կանաչապատումը՝ 40 % և ավելի։ Միաժամանակ հաշվի առնելով հարակից կառուցապատման նկատմամբ նորմատիվային հեռավորությունները, ինսոլյացիոն, հակահրդեհային, սեյսմիկ և ՀՀՇՆ 30-01-2014 շինարարական նորմերով սահմանված այլ պահանջները՝ բնակարանների թվաքանակի 80 %-ն ապահովել համապատասխան ավտոկայանատեղիներով։
4. Սահմանել, որ՝
1) մրցույթում հաղթողին որոշելու համար հիմք են ընդունվում օտարվող գույքի համար առաջարկվող գինը և գործարար ծրագրին համապատասխան իրականացվելիք ներդրումների չափը (գումարային արտահայտությամբ).
2) մրցույթի մասնակիցների առաջարկների գնահատումն իրականացվում է հետևյալ կշռային գործակիցներով՝ օտարվող գույքի համար առաջարկվող գին՝ 70 %, ներդրումների չափը 30 %.
3) գույքի օտարման նպատակով առաջարկվող ներդրումների չափը պետք է ներկայացվի ըստ տարիների և չի կարող գերազանցել չորս տարին։
5. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է գույքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
6. Սահմանել, որ մրցույթի հաղթողը գույքի արժեքը վճարում է մրցույթի արձանագրությունը ստանալու օրվանից եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը վճարում է գանձապետական համապատասխան հաշվին:

Արխիվ

2024

2023