Կառավարության որոշումներ

9 Հուլիսի 2020, 1156 - Ն

«ՍՊՈՐՏԱՅԻՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱԿԱԴՈՊԻՆԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 441-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 290.210.03208) վերանվանել «Հակադոպինգային գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 441-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1-ին, 2-րդ, 5-րդ և 6-րդ կետերում «Սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոն» բառերը փոխարինել «Հակադոպինգային գործակալություն» բառերով.
2) 3-րդ և 4-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սահմանել, որ կազմակերպության գործունեության`
ա) առարկան Հայաստանի Հանրապետությունում հակադոպինգային ծրագրերի մշակումը և իրականացումն է.
բ) նպատակը Հայաստանի Հանրապետության մարզիկների մրցումային և արտամրցումային դոպինգ ստուգումը, սպորտում արգելված նյութերի և մեթոդների օգտագործման դեմ ուղղված կանխարգելիչ քաղաքականության իրականացումը և հակադոպինգային կանոնակարգերի մշակումն է` ըստ գործող համաշխարհային հակադոպինգային օրենսդրության:
4. Թույլատրել կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝
1) մարզիկների թեստավորում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության մարզիկների և Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող արտերկրյա մարզիկների մրցումային և արտամրցումային թեստավորում.
2) միջազգային թեստավորման գործակալության կամ Հայաստանի Հանրապետության տարածքում տեղի ունեցող միջազգային մրցաշարերի ժամանակ միջազգային ֆեդերացիաների կամ մրցումների կազմկոմիտեի նախաձեռնությամբ՝ պայմանագրային հիմքերով մարզիկների թեստավորում.
3) գիտական կազմակերպությունների (արտերկրյա համալսարաններ) կամ Համաշխարհային հակադոպինգային գործակալության կամ ազգային ֆեդերացիաների պատվերով գիտական հետազոտությունների և հակադոպինգային կրթական ծրագրերի իրականացում՝ պայմանագրային հիմքերով:»:
3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում՝
1) հաստատել կազմակերպության կանոնադրությունը.
2) ապահովել կազմակերպության կանոնադրության պետական գրանցումը:
4. Կազմակերպության անվանափոխության արդյունքում կանոնադրության պետական գրանցման, ինչպես նաև կնիքի ձեռքբերման ծախսերը կատարել կազմակերպության միջոցների հաշվին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2024

2023