Կառավարության որոշումներ

30 Հուլիսի 2020, 1280 - Ն

ՀՈՂԱՄԱՍ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 205-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ քաղաքի Հայկ Նահապետի փողոցի 22/1 հասցեում գտնվող՝ 0.03724 հեկտար հողամասը (այսուհետ՝ հողամաս) հետ վերցնել «Բերդի ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և Թումո շարժական կենտրոն կառուցելու և «Թումոն տուփի մեջ» կրթական ծրագիր իրականացնելու նպատակով հանձնել Սիմոնյան կրթական հիմնադրամին (այսուհետ՝ հիմնադրամ)՝ ծրագրի իրականացման համար նախատեսված ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում «Բերդի ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2016 թվականի մայիսի 25-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման թիվ 53/0016 պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ հիմնադրամի միջոցների հաշվին:
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդի համայնքի ղեկավարին՝
1) սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում հիմնադրամի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի անհատույց օգտագործման մասին պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ՝
ա. ընդունելության ժամանակ տեղերի սահմանափակ լինելու դեպքում «Թումոն տուփի մեջ» կրթական ծրագրից օգտվելու համար հերթի առաջնայնությունը տրվում է «Բերդի ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության 15 և ավելի տարեկան աշակերտներին,
բ. պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից,
գ. պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ հիմնադրամի միջոցների հաշվին.
2) սույն որոշման 3-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի և հիմնադրամի գլխավոր տնօրենի հետ համատեղ իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
 

Արխիվ

2024

2023