Կառավարության որոշումներ

2 Հոկտեմբերի 2020, 1626 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1586-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետը, 8-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը և 9-րդ հոդվածը, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» N 1586-Ն որոշման հավելվածը լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 7-րդ գլխով՝

«VII. ԱԶԱՏ ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ

15. Սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածք մուտքի և ելքի հատուկ ռեժիմ: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը կարող են անձանց արգելել Հայաստանի Հանրապետություն մուտք գործելը (բացառությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների) և Հայաստանի Հանրապետությունից դուրս գալը՝ պետական անվտանգության, մարդկանց կյանքի և անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված:
16. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կարող են կիրառվել ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումներ: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը կարող են անձանց արգելել Հայաստանի Հանրապետության որևէ վարչատարածքային միավոր կամ որևէ առանձին տարածք (ճանապարհ) մուտք գործելը կամ դուրս գալը՝ պետական անվտանգության երաշխավորման, մարդկանց կյանքի և անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված:
17. Սույն գլխով նախատեսված ռեժիմն ապահովելու նպատակով կարող են նաև տեղադրվել հատուկ անցակետեր:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո` անմիջապես:
 

Արխիվ

2024

2023