Կառավարության որոշումներ

2 Հոկտեմբերի 2020, 1627 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 916-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի «Ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ կամ զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին դրամական
աջակցություն տալու կարգը և դրամական աջակցության չափերը, զինվորական ծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության,
գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ
կապված ծախսերը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին հատուցելու կարգը և չափերը, հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին, ծառայության ընթացքում զոհված
(մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին տրվող միանվագ դրամական օգնության չափը, վճարման կարգը և պայմանները սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 18-ի N 341 որոշումն
ուժը կորցրած ճանաչելու մասին» N 916-Ն որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11-րդ կետով.
«11. Ռազմական դրության ժամանակահատվածում սույն կարգի համաձայն հուղարկավորության ծախսերի հատուցման իրավունք ունի նաև զոհված (մահացած)
զինծառայողի մահվան վկայականը ՔԿԱԳ-ից ստացած անձը (այն անձը, ով ՔԿԱԳ մարմնում հայտարարել է մահվան մասին) կամ զոհված (մահացած) զինծառայողի
մահվան վկայականը համապատասխան մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանում ներկայացրած անձը, եթե դրա մասին ներկայացնում է դիմում։ Ընդ որում, այս դեպքում՝
1) հուղարկավորության ծախսերի հատուցման գումարն ստանալու դիմումը համապատասխան մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող
ստորաբաժանում կարող է ներկայացվել ՔԿԱԳ մարմնի միջոցով (եթե դիմումը ներկայացնում է մահվան վկայականը ՔԿԱԳ-ից ստացած անձը) կամ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության տարածքային ստորաբաժանումների միջոցով, կամ ուղղակիորեն.
2) ՔԿԱԳ մարմնի միջոցով ներկայացվող դիմումին կից փաստաթղթեր չեն ներկայացվում, իսկ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության տարածքային ստորաբաժանումների միջոցով և ուղղակիորեն համապատասխան մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանում ներկայացվող դիմումին կցվում է
միայն մահվան վկայականը և դիմողի անձը հաստատող փաստաթուղթը.
3) հուղարկավորության ծախսերի հատուցման գումարն ստանալու դիմումը ներկայացրած անձի տվյալներն ստացվում են էլեկտրոնային եղանակով, բացառությամբ
այն դեպքի, երբ դիմումն ուղղակիորեն ներկայացվում է համապատասխան մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանում.
4) համապատասխան մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումը սույն կարգի 5-րդ կետի 1-ին ենթակետում նշված գործառույթը չի իրականացնում, իսկ շահառուների անվանացանկը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն է ուղարկում էլեկտրոնային
եղանակով.
5) շահառուների անվանացանկի հետ սույն կարգի 5-րդ կետի 2-րդ ենթակետում նշված փաստաթղթերը չեն ներկայացվում։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին և դրանից հետո ծագած հարաբերությունների վրա:

Արխիվ

2024

2023