Կառավարության որոշումներ

26 Նոյեմբերի 2020, 1878 - Ն

«ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀՈԳԱԾՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԵՎ «ԳՅՈՒՄՐՈՒ ՖՐԻՏՅՈՖ ՆԱՆՍԵՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ N 2 ԳԻՇԵՐՕԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ «ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԵՐԵԽԱՅԻ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1507-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը և 64-րդ հոդվածի 1-ին մասը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը և 9-րդ հոդվածը, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետը, 3-րդ մասը և 24-րդ հոդվածի 1-ին մասը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. «Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 29.210.02204) և «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 29.210.01937) միաձուլման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (քաղ. Գյումրի,Անանիա Շիրակացու 10)։
2. Սահմանել, որ՝
1) «Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» և «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների իրավահաջորդը «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միաձուլված իրավաբանական անձերի իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտերին համապատասխան.
2) «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը սոցիալական ծառայություններ իրականացնող կազմակերպություն է, որն իրականացնում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մինչև 18 տարեկան երեխաների՝ առավելագույնը 6 ամիս ժամկետով շուրջօրյա խնամքն ու աջակցությունը, ինչպես նաև կազմակերպում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 2-18 տարեկան երեխաների՝ առավելագույնը 1 տարի ժամկետով ցերեկային ծառայությունները.
3) կազմակերպության նպատակն է նպաստել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի և ընտանիքի սոցիալական կարիքների բավարարմանը, խթանել նրանց ներուժի և կարողությունների բացահայտմանը, ծագած հիմնախնդիրներն ինքնուրույն լուծելու ունակությունների զարգացմանը, ստեղծել պայմաններ` վերոնշյալ անձանց սոցիալական ներառման համար, օժանդակել նրանց սոցիալական և առողջական խնդիրների լուծմանը, կանխարգելել կյանքի դժվարին իրավիճակը և սոցիալական մեկուսացումը, շուրջօրյա աջակցության ծառայությունների վեցամսյա ժամկետը լրանալուց հետո, ելնելով երեխայի լավագույն շահից, ներկայացնել մասնագիտական եզրակացություն երեխայի հետագա խնամքի ձևը սահմանելու վերաբերյալ, մշակել երեխային և ընտանքին տրամադրվող աջակցության արդյունավետության բարձրացմանն ուղղված ուսումնամեթոդական ձեռնարկներ, ուղեցույցներ և աշխատանքային նյութեր, տրամադրել մեթոդական աջակցություն, իրականացնել վերապատրաստումներ.
4) գործունեության առարկան է` կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 2-18 տարեկան երեխային և նրա ընտանիքին ցերեկային կանխարգելիչ ծառայությունների տրամադրումը, երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն աջակցելը, նյութական և կենցաղային պահանջների բավարարմանն աջակցելը, կրթական գործընթացներին աջակցելը, բժշկական օգնության տրամադրումը, խնամքի ապահովումը մինչև երեխայի՝ կենսաբանական ընտանիք վերադարձը, կամ երեխայի նկատմամբ խնամակալ կամ խնամատար նշանակելը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հետագա խնամքը համապատասխան հաստատությունում կազմակերպելը, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մինչև 18 տարեկան երեխայի և նրա ընտանիքի անդամների սոցիալական կարիքների գնահատումը, անհատական սոցիալական ծրագրի կազմումը և դրան համապատասխան ծառայությունների տրամադրումը, ճգնաժամային իրավիճակներում հայտնված երեխայի, երեխայի ծնողների (խնամակալի (հոգաբարձուի) հետ) անհապաղ տեղավորումը՝ 24-ժամյա աշխատանքային ռեժիմով:
3. «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության տարածքն ընդգրկում է Հայաստանի Հանրապետության Շիրակի և հարակից մարզերը:
4. «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և վերջինիս վերապահել «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները:
5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում՝
1) հաստատել միաձուլման մասին պայմանագիրը.
2) հաստատել «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը, ապահովել կանոնադրության սահմանված կարգով իրավաբանական անձանց պետական գրանցումը.
3) հաստատել «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող գույքի կազմը և արժեքը.
4) համապատասխան առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու վերաբերյալ:
6. «Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» և «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված անշարժ և շարժական գույքը հետ վերցնել և ամրացնել «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
7. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 6-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։
8. «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության պետական գրանցման և կնիքի ձեռքբերման, ինչպես նաև սույն որոշման 7-րդ կետի 2-րդ ենթակետում նշված հանձնման-ընդունման աշխատանքների հետ կապված ծախսերն իրականացնել կազմակերպության միջոցների հաշվին:
9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 31-ի N 1507-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) վերնագրից հանել «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» բառերը.
2) 1-ին կետից հանել «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» (պետական գրանցման համարը՝ 29.210.01937, գտնվելու վայրը՝ քաղ. Գյումրի, Անանիա Շիրակացու 10)» բառերը.
3) 2-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերից, 3-րդ կետից, 4-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերից և 5-րդ կետի 1-ին ենթակետից հանել «, Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» բառերը.
4) 7-րդ կետից հանել «սույն որոշման 1-ին կետում նշված «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման մասով՝ ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունիսի 25-ից և» բառերը:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հավելված1

Հավելված2

Արխիվ

2024

2023