Կառավարության որոշումներ

10 Դեկտեմբերի 2020, 2012 - Ա

«ՄԵՂՐՈՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածը և 68-րդ հոդվածի 7-րդ մասը, ինչպես նաև «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Թույլատրել «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Հիվանդանոցային փողոցի 1/1/1 հասցեում գտնվող 6026.8 հազ. դրամ սկզբնական և 0 դրամ հաշվեկշռային արժեքով, 231.8 քառ. մետր մակերեսով անշարժ գույքով և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.014915 հեկտար մակերեսով հողամասով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N10112016-09-0027) (այսուհետ՝ գույք) վճարել ընկերության կողմից տեղաբաշխված՝ պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց։
2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Սույն որոշման 1-ին կետից բխող գործարքի արդյունքում ընկերության մոտ առաջացող ավելացված արժեքի հարկը և շահութահարկը վճարել «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել ընկերության կանոնադրական կապիտալի համապատասխան չափով փոփոխության պետական գրանցումը՝ «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին։
5. Սույն որոշման 4-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված՝ սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե)։
6. Կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի հետ համատեղ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնելով կոմիտեի միջոցների հաշվին։

Արխիվ

2024

2023