Կառավարության որոշումներ

18 Փետրվարի 2021, 218 - Լ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԿԱՄ ՓԱՍՏԱՑԻ ԲՆԱԿՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ 4 ԱՄԻՍ ԺԱՄԿԵՏՈՎ ԱՄՍԱԿԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83-րդ հոդվածը և 146-րդ հոդվածի 4-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 12-ի N 186-Լ որոշման 2-րդ կետի «բ» ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական դրամական օգնություն տրամադրելու կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Առաջարկել Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել՝
1) մինչև 2021 թվականի մարտի 3-ը՝ Արցախի Հանրապետության կենսաթոշակառուների հաշվառման տվյալների բազայում առկա՝ 2021 թվականի փետրվարի 1-ի դրությամբ Արցախի Հանրապետությունում կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող՝ 63 տարին լրացած կենսաթոշակառուների և անկախ տարիքից՝ հաշմանդամություն ունեցող կենսաթոշակառուների տվյալները`
ա․ անունը, ազգանունը, հայրանունը, մինչև 18 տարեկան երեխայի (այսուհետ՝ երեխա) դեպքում՝ նաև նրա օրինական ներկայացուցչի (ծնողի կամ որդեգրողի կամ խնամակալի, ում պետք է վճարվի ամսական դրամական օգնությունը) անունը, ազգանունը, հայրանունը,
բ. անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, եթե անձը, իսկ երեխայի դեպքում՝ եթե նրա օրինական ներկայացուցիչը, հրաժարվել է հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց).
2) մինչև 2021 թվականի մարտի 3-ը՝ հաշմանդամ ճանաչված անձի՝ սույն կետի 1-ին ենթակետում նշված տվյալները, եթե նա 2021 թվականի մարտի 1-ի դրությամբ չունի կենսաթոշակ ստանալու իրավունք.
3) առկայության դեպքում՝ 2021 թվականի ապրիլ-հունիս ամիսների համար՝ մինչև յուրաքանչյուր ամսվա 5-րդ աշխատանքային օրը՝ սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերի համաձայն տրամադրված տվյալների փոփոխությունները՝ տվյալ ամսվա 1-ի դրությամբ:

հավելված

Արխիվ

2024

2023