Կառավարության որոշումներ

25 Մարտի 2021, 389 - Ա

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայությանն ամրացված «LEXUS LX 570» (ԼԵՔՍՈՒԶ LX 570) մակնիշի, 132 UU 01 պետհամարանիշի տրանսպորտային միջոցը (թողարկման տարեթիվը` 2008 թվական, նույնացման համարը՝ JTJHY00W584011111) (այսուհետ՝ Գույք) օտարել դասական աճուրդով:
2. Գույքի մեկնարկային գինը սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2020 թվականի դեկտեմբերի 18-ի դրությամբ գնահատված արժեքի 100 տոկոսի չափով` 24 707 000 դրամ:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝
1) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն 15 օր առաջ Պետական գույքի կառավարման կոմիտեի պաշտոնական և www.azdarar.am կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.
3) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել նոր աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով.
4) աճուրդին մասնակցելու նախավճարը սահմանվում է գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: Աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
4. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետին՝ աճուրդի հաղթողի կողմից (այսուհետ` Գնորդ) առաջարկված գնի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված 14 400 դրամի (ներառյալ՝ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո տասնօրյա ժամկետում գնորդի հետ իրականացնել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
5. Սահմանել, որ գնորդը՝
1) պարտավորվում է գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարը վճարել գույքի գնի վճարման համար սահմանված ժամկետում` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության անվամբ գործող թիվ 900018002981 հաշվեհամարին.
2) պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել տրանսպորտային միջոցի պետական հաշվառման հետ կապված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գումարներն ու տուրքերը:
6. Աճուրդի հաղթողի կողմից սահմանված ժամկետում վճարումները չկատարելու դեպքում վճարված նախավճարը չի վերադարձվում, աճուրդը համարվում է չկայացած, և լոտը վաճառելու նպատակով կազմակերպվում է նոր աճուրդ՝ նույն պայմաններով։
7. Գնորդը գույքի վաճառքի գումարը պետք է վճարի աճուրդի արձանագրությունն ստորագրելու օրվանից սկսած հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

Արխիվ

2024

2023