Կառավարության որոշումներ

25 Մարտի 2021, 420 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 274-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով, «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասով, 4-րդ մասի 4-րդ կետով և հիմք ընդունելով «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» Կոնվենցիայի N 17 «Անվտանգություն» միջազգային քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության գործողություններից» հավելվածի և Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանս կազմակերպության «Անվտանգության կանոնակարգեր» Դոկ. 30 փաստաթղթի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության որակի հսկողության ազգային ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի N 1307-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 274-Ն որոշման նախաբանում և 1-ին կետով հաստատված հավելվածի (այսուհետ՝ հավելված) 1-ին կետում «N 17 Անվտանգություն» բառերը փոխարինել «N 17 Անվտանգություն» միջազգային քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության գործողություններից» բառերով:
2․ Հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին, 1.2-րդ, 1.3-րդ, 1.4-րդ, 1.5-րդ և 1.6-րդ կետերով.
«1.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության միջոցառումների արդյունավետ իրականացումը քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության համակարգի հիմնարար բաղադրիչներից է: Որակի հսկողության միջոցառումները հանդիսանում են որպես քաղաքացիական ավիացիայի ոլորտում ավիացիոն անվտանգության համակարգի աշխատանքների մոնիթորինգի իրականացման մեթոդներ և միջոցներ, որոնք օգտագործվում են պետության կողմից քաղաքացիական ավիացիայի անվտանգության համակարգի վիճակը գնահատելու, իսկ, անհրաժեշտության դեպքում, հայտնաբերված թերությունները վերացնելու համար:
1.2. Անհրաժեշտության դեպքում, ծրագրի մեջ փոփոխությունները և լրացումները կատարվում են «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, կոնվենցիայի «Անվտանգություն. Միջազգային քաղաքացիական ավիացիայի պաշտպանություն անօրինական միջամտության գործողություններից» N 17 հավելվածում փոփոխությունների, լրացումների, նոր ընդունված ստանդարտների և առաջարկվող գործելաձևերի, ինչպես նաև սույն փաստաթղթի դրույթների արդյունավետության վերլուծության և գնահատման հիման վրա։
1.3. Ծրագրի մշակումը, ներդրումը, իրականացումը և պահպանումն ապահովվում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից։
1.4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության համակարգի կառուցվածքը հետևյալն է՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտե (այսուհետ` կոմիտե).
2) օդանավակայաններ.
3) օդանավ շահագործողներ.
4) օդային երթևեկության սպասարկումներ իրականացնող կազմակերպություններ.
5) ավիացիոն անվտանգության գործառույթներ իրականացնող կազմակերպություններ։
Ավիացիոն անվտանգության միջոցառումներ իրականացնող օդանավակայանները, օդանավ շահագործողները, օդային երթևեկության սպասարկումներ իրականացնող և ավիացիոն անվտանգության գործառույթներ իրականացնող կազմակերպությունները մշակում, իրականացնում և պահպանում են ներքին որակի հսկողության ծրագրեր, որոնք ներառում են իրենց գործառույթներին համապատասխան որակի հսկողության միջոցառումներ։
1.5. Ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության համակարգի կանոնակարգումը նպաստում է ավիացիոն անվտանգության որակի հսկողության միջոցառումների արդյունավետ իրականացմանը, օգնում է ապահովելու քաղաքացիական ավիացիան անօրինական միջամտության գործողություններից պաշտպանության համապատասխան մակարդակ, կարգավորում է պատասխանատվության ոլորտները, գործընթացները և ընթացակարգերը, որոնք նպաստում են ավիացիոն անվտանգության շարունակական կատարելագործմանը, քաղաքացիական ավիացիայի անվտանգ միջավայրի և մշակույթի ստեղծմանը:
1.6. Ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության համակարգի հիմնական նպատակներն են՝
1) ավիացիոն անվտանգության ոլորտում որակի վերահսկման ազգային համակարգի ստեղծումը.
2) ոլորտը կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխան օդանավակայանների, օդանավ շահագործողների, օդային երթևեկության սպասարկումներ իրականացնող կազմակերպությունների, ինչպես նաև ավիացիոն անվտանգության գործառույթներ իրականացնող կազմակերպությունների կողմից ավիացիոն անվտանգության աշխատանքների կատարման վերահսկողությունը.
3) կարգավորող իրավական ակտերի պահանջների կատարման արդյունավետության ապահովումը.
4) սահմանված պահանջների խախտումների հայտնաբերում (թերությունների հայտնաբերում) և դրանց վերացմանն ուղղված գործողությունների իրականացման նկատմամբ վերահսկողությունը։».
2) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության միջոցառումների իրականացման լիազոր մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեն (այսուհետ՝ կոմիտե), որը ծրագրի 1-ին կետում նշված փաստաթղթերով, Ազգային ծրագրով սահմանված ավիացիոն անվտանգության չափանիշների համապատասխանության ապահովման նպատակով և «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան իրականացնում է պետական վերահսկողություն՝ ավիացիոն անվտանգության համակարգի աշխատանքների աուդիտների, տեսչական գործառույթների, փորձարկումների, ուսումնասիրությունների և դիտարկումների (այսուհետ՝ միջոցառում) միջոցով։».
3) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և ծրագրով սահմանված պահանջներին համապատասխան ավիացիոն անվտանգության միջոցառումների որակի հսկողության աշխատանքներն իրականացվում են կոմիտեի ավիացիոն անվտանգության ստորաբաժանման որակի հսկողության սերտիֆիկատ ունեցող հաստիքային աշխատողների՝ տեսուչների կամ կոմիտեի կողմից հաստատված կազմակերպության կողմից, որը կարող է իրականացնել ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության միջոցառումներ կոմիտեի անունից՝ սույն ծրագրի դրույթներին համապատասխան:».
4) 9-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9.1-ին, 9.2-րդ,
9.3-րդ, 9.4-րդ, 9.5-րդ, 9.6-րդ, 9.7-րդ, 9.8-րդ և 9.9-րդ կետերով.
«9.1. Կոմիտեի ավիացիոն անվտանգության ստորաբաժանման որակի հսկողության մասնագետները պետք է համապատասխանեն «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կրթության և աշխատանքային ստաժի չափանիշներին, ունենան գիտելիքներ քաղաքացիական ավիացիայի մասին օրենսդրությունից և տիրապետեն ավիացիոն անվտանգության ընթացակարգերին։
9.2. Ավիացիոն անվտանգության ստորաբաժանման որակի հսկողության մասնագետներն իրենց մասնագիտական գիտելիքների և ունակությունների շարունակական կատարելագործման նպատակով պարբերաբար պետք է մասնակցեն ԻԿԱՕ, ԵԿԱԿ և այլ միջազգային ավիացիոն կազմակերպությունների կողմից կազմակերպված ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության տեսուչների ուսուցման և վերապատրաստման դասընթացներին և ստանան համապատասխանության վկայականներ, որից հետո կոմիտեում ներքին ընթացակարգերով սահմանված կարգով անցնեն համապատասխանության գնահատում և կոմիտեի կողմից վկայականները ճանաչվեն։
9.3. Ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության միջոցառումներ իրականացնող տեսուչները պետք է՝
1) մասնակցեն որակի հսկողության միջոցառման նախապատրաստմանը.
2) ծանոթանան փաստաթղթերին, ընթացակարգերին և կանոններին, անցկացնեն հանդիպումներ և քննարկումներ մասնակից բոլոր աշխատակիցների հետ, իրականացնեն փորձարկումներ, եթե դրանք նախատեսված են.
3) ամբողջությամբ կամ մասնակիորեն պատրաստեն զեկույց և որակի հսկման միջոցառման ընթացքում օգտագործված նյութերը (գրառումներ, լուսանկարներ և այլն) ներկայացնեն կոմիտեի ղեկավարին:
9.4. Կոմիտեի կողմից ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության տեսուչները «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի համաձայն իրավասու են անարգել մուտք գործելու քաղաքացիական ավիացիայի ծառայություններ և շինություններ, ստուգելու վերգետնյա միջոցները, գտնվելու օդանավում ինչպես գետնի վրա, այնպես էլ թռիչքի ընթացքում, իսկ պետական օդանավերի դեպքում, անհրաժեշտության դեպքում, համապատասխան պետական կառավարման մարմնի համաձայնությամբ, ինչպես նաև իրեն վերապահված լիազորության շրջանակում պահանջելու փաստաթղթեր, տվյալներ, բացատրություններ և այլ տեղեկություններ՝ ներառյալ համակարգիչներում պահվող տեղեկությունները:
Նշված ներկայացուցիչներին կոմիտեի կողմից տրվում են վկայականներ, որոնք կրողին իրավունք են տալիս անարգել մուտք գործելու Հայաստանի Հանրապետության օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ, օդանավեր և օբյեկտներ, իսկ ավիացիոն անվտանգությանն սպառնացող անմիջական վտանգի առկայության դեպքում կոմիտեն կամ նրա կողմից լիազորված համապատասխան իրավասու անձինք իրավասու են կասեցնելու ստուգման ենթակա օբյեկտի, կազմակերպության հետագա գործունեությունը, արգելելու օդանավակայանի վերահսկելի գոտիներ մուտքի թույլտվության տրամադրումը և պահանջելու ձեռնարկել թերությունները վերացնելուն ուղղված համապատասխան գործողություններ:
9.5. Ավիացիոն անվտանգության աշխատանքների էությունից ելնելով՝ կարևոր է տեղեկատվության գաղտնիության պահպանումը, ուստի ելնելով թռիչքների անվտանգության ապահովման համար ավիացիոն անվտանգության աշխատանքների կարևորությունից, որակի հսկողության տեսուչները պետք է խստորեն պահպանեն ավիացիոն անվտանգության համակարգի համալիր և թեմատիկ աուդիտների, տեսչական գործառույթների, փորձարկումների, ուսումնասիրությունների և դիտարկումների արդյունքում ստացված տեղեկատվությունները տարածումից։
9.6. Ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության տեսուչները որակի հսկողության միջոցառումների իրականացման ընթացքում պետք է լինեն անկախ, օբյեկտիվ, հուսալի և անաչառ, որը երաշխավորում է վերահսկվող սուբյեկտների հետ համագործակցությունը, աուդիտի արդյունքների ճանաչումը և ցանկացած ուղղիչ գործողությունների արդյունավետ իրականացումը:
9.7. Անաչառության ապահովաման նպատակով այն տեսուչները, ովքեր անմիջական կապ ունեն որակի հսկողության միջոցառումներին ենթարկվող կազմակերպության հետ (նախկինում աշխատել տվյալ կազմակերպությունում կամ կազմակերպությունում աշխատում են մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձինք (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր), չպետք է մասնակցեն տվյալ կազմակերպությունում անցկացվող ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության միջոցառումների իրականացմանը, սակայն, անհրաժեշտության դեպքում, նրանք խորհրդատվության կարգով կարող են օգնել որակի հսկողության միջոցառումներին:
9.8. Ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության միջոցառումների իրականացմանը չեն կարող մասնակցել այն տեսուչները, ովքեր նախկինում աշխատել են այն կազմակերպությունում, որտեղ պետք է անցկացվեն անվտանգության աշխատանքների որակի հսկողության միջոցառումներ։
9.9. Ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության միջոցառումների կազմակերպման ու իրականացման համար կոմիտեն իր բյուջետային միջոցներից հատկացնում է բավարար չափի նյութական և ֆինանսական միջոցներ: Այդ միջոցները տրամադրվում են ծրագրի լրամշակման, որակի հսկողության միջոցառումների իրականացման գործընթացի ապահովման համար, նախատեսված են գործուղումների, տրանսպորտային ծախսերի, տեսուչների ուսուցման և պարբերական վերապատրաստման, համակարգիչների և այլ տեխնիկական միջոցների, գույքի, փորձարկումների համար անհրաժեշտ փորձանմուշների, ստուգիչ և չափիչ սարքերի, ինչպես նաև տեղեկատվական և մեթոդական ուղեցույցների ձեռքբերման նպատակով:».
5) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության միջոցառումների նպատակն է ավիացիոն անվտանգության համակարգի աուդիտների, տեսչական գործառույթների, փորձարկումների, ուսումնասիրությունների և դիտարկումների միջոցով ուսումնասիրել և գնահատել քաղաքացիական ավիացիայի համակարգում կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումների համապատասխանությունն Ազգային ծրագրով սահմանված չափանիշներին, մասնավորապես՝
1) ուսումնասիրման ենթակա կազմակերպության ընդհանուր կազմակերպական կառուցվածքը.
2) օդանավակայանների, օդանավեր շահագործողների, օդային երթևեկության սպասարկումներ իրականացնող կազմակերպությունների և ավիացիոն անվտանգության գործառույթներ իրականացնող կազմակերպությունների կողմից ներդրված անվտանգության ծրագրերի վիճակը և համապատասխանությունն Ազգային ծրագրով սահմանված չափանիշներին.
3) օդանավակայանների, օդանավեր շահագործողների, օդային երթևեկության սպասարկումներ իրականացնող կազմակերպությունների և ավիացիոն անվտանգության գործառույթներ իրականացնող կազմակերպությունների կողմից ավիացիոն անվտանգության մասով որակի հսկողության ներքին ծրագրի առկայությունը և որակի հսկողության ներքին միջոցառումների իրականացումը.
4) անձնակազմի պատրաստումը և վերապատրաստումը.
5) մուտքի վերահսկման, օդանավակայանների անցագրային և ներօբյեկտային վերահսկողության, օդանավերի պահպանման, ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների, փոստի, օդանավ տարվող սննդի, օդանավային պիտույքների, օդանավի մաքրման միջոցների, օդանավ շահագործողի փոստի, օդանավի անձնակազմի անդամների և հատուկ վերահսկելի գոտի մուտքի իրավունք ունեցող աշխատողների և այլ անձանց զննման միջոցառումները, փոքր ավիացիային և օդանավակայանի ենթակառուցվածքներին վերաբերող միջոցառումները.
6) անվտանգության հատուկ միջոցառումներն սպառնալիքների մակարդակի բարձրացման և բարձր ռիսկային թռիչքների դեպքերում.
7) անօրինական միջամտության գործողություններին արձագանքելու պատրաստակամությունը.
8) անվտանգության նպատակով վերահսկողություն իրականացնող անձանց աշխատանքը.
9) ավիացիոն անվտանգության նպատակով շահագործվող սարքավորումները:»․
6) 37-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«37. Ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության միջոցառումների իրականացումից հետո որակի հսկողության անցկացրած տեսուչի (տեսուչների) կողմից պատրաստվում է հաշվետվություն անցկացված աուդիտի վերաբերյալ: Հաշվետվությունն ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության գործառույթների արդյունքներն ամփոփող գրավոր փաստաթուղթն է, որը ներառում է միջոցառման իրականացման գործընթացի ամբողջ ժամանակաշրջանը և ավիացիոն անվտանգության մասով ուսումնասիրման ենթարկված ոլորտների բնութագրերը: Հաշվետվությունը պարունակում է հետևյալ տեղեկությունները՝
1) միջոցառման անցկացման ամսաթվերը և վերահսկվող մարմնի անվանումը.
2) որակի հսկողության միջոցառմանը ներգրավված մասնագետների տվյալները՝ նշելով անունը, ազգանունը և պաշտոնը.
3) միջոցառմանը ենթակա ավիացիոն անվտանգության ոլորտները.
4) անցկացված միջոցառման արդյունքները և ազգային ծրագրի դրույթներին համապատասխանության աստիճանը` ըստ ծրագրի 39-րդ կետում նշված գնահատման սանդղակի.
5) որակի հսկողության միջոցառումների ընթացքում ավիացիոն անվտանգության տարբեր ասպեկտներով հարցազրույցին մասնակցած անձանց ցուցակը,
6) եզրակացությունները, բացատրական մեկնաբանությունները, այդ թվում` դիտարկումների, հարցազրույցների և ուսումնասիրված փաստաթղթերի ցուցակը.
7) միջոցառման ընթացքում բացահայտված անհամապասխանություններն ու թերությունները՝ ենթակա կազմակերպության ներկայացուցչի (ներկայացուցիչների) կազմը.
8) թերությունների հայտնաբերման դեպքերում ուղղիչ գործողություների վերաբերյալ առաջարկներ:»․
7) 38-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«38. Կոմիտեն անցկացված ավիացիոն անվտանգության որակի հսկողության միջոցառումների վերաբերյալ ներկայացնում է ավիացիոն անվտանգության միջգերատեսչական հանձնաժողովին տարեկան հաշվետվություն, որը պետք է պարունակի տեղեկություններ՝
1) հաշվետու տարվա ընթացքում իրականացված գործողությունների քանակի, տեսակի և հայտնաբերված թերությունների վերաբերյալ.
2) որակի հսկողության միջոցառումների հետ կապված թերությունների, թերությունների վերացման ներկա վիճակի, կատարված փոփոխությունների, ինչպես նաև ֆինանսական և մարդկային ռեսուրսների վիճակի վերաբերյալ:».
8) 38-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 38.1-ին կետով.
«38.1. Ավիացիոն անվտանգության միջգերատեսչական հանձնաժողովին ներկայացվող տարեկան հաշվետվությունների նյութերը պետք է օգտագործվեն ավիացիոն անվտանգության որակի հսկողության հետագա միջոցառումները պլանավորելիս։»․
9) 41-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«41․ Անհամապատասխանություններ և թերություններ են հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում կիրառվող ավիացիոն անվտանգության աշխատանքների այն թերություններն ու բացթողումները, որոնք չեն համապատասխանում ԻԿԱՕ-ի կողմից սահմանված ավիացիոն անվտանգության միջազգային ստանդարտներին և Ազգային ծրագրի պահանջներին և հայտնաբերվել են ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության միջոցառումների արդյունքում։».
10) 41-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 41.1-ին, 41.2-րդ, 41.3-րդ, 41.4-րդ և 41.5-րդ կետերով.
«41․1. Որակի հսկողության միջոցառումների արդյունքում բացահայտված անհամապատասխանությունների և թերությունների առկայությունը կարող է հանգեցնել կոմիտեի կողմից մեկ կամ մի քանի ուղղիչ գործողությունների ընդունման, ընդ որում՝ թերությունների վերացման վերաբերյալ կոմիտեի կողմից ներկայացված առաջարկությունները բաժանվում են ըստ առաջնահերթությունների՝
1) առաջարկություններ՝ անհապաղ վերականգնողական գործողությունների համար․
2) առաջարկություններ՝ ավելի երկարաժամկետ գործողությունների համար:
41․2. Եթե որակի հսկողության միջոցառումների արդյունքում հայտնաբերվում է Ազգային ծրագրի պահանջներին անհամապատասխանության փաստ, կոմիտեի կողմից առաջարկվում է տվյալ կազմակերպությանն անհապաղ վերացնել թերությունը կամ անհամապատասխանությունը, իսկ եթե հնարավոր չէ անհապաղ վերացնել թերությունը կամ անհամապատասխանությունը, ապա այդ դեպքում կոմիտեն առաջարկում է կազմակերպությանը ներկայացնելու թերությունների կամ անհամապատասխանությունների վերացման պլան-ժամանակացույց, իսկ մինչ թերությունների վերացումը կիրառել այլընտրանքային անվտանգության միջոցներ։
41.3. Թերությունների կամ անհամապատասխանությունների վերացման պլանժամանակացույցը համաձայնեցվում է կոմիտեի հետ, որից հետո կոմիտեն վերահսկողություն է իրականացնում կազմակերպությունների կողմից թերությունների կամ անհամապատասխանությունների վերացման ժամկետների կատարման նկատմամբ։
41.4 Կոմիտեի կողմից կազմակերպությունների նկատմամբ վերահսկողության իրականացման ընթացքում՝ ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության միջոցառումների արդյունքում բացահայտված անհամապատասխանություններն ու թերությունները պլանժամանակացույցով նախատեսված ժամկետների չպահպանման դեպքում տեսուչների կողմից ներկայացվում է արձանագրություն կոմիտեի նախագահին՝ պատասխանատվության միջոցառումներ կիրառելու նպատակով։
41․5. Թերությունների կամ անհամապատասխանությունների վերացման իրավական միջոցների կիրառման դեպքերում իրականացվում են հետևյալ աստիճանական և համաչափ գործողությունները՝
1) պաշտոնական գրավոր տեղեկացում, որը պահանջում է նպատակային ուղղիչ գործողություններ, ցույց տալով նման գործողությունների ցանկալի արդյունքը, եթե՝
ա. ավիացիոն անվտանգության պահանջների խախտում հանդիսացող թերությունների առկայության պայմաններում պարզ հաղորդագրությունը կամ առաջարկությունն անբավարար է,
բ. ավիացիոն անվտանգության պահանջների խախտում հանդիսացող թերությունները չեն վերացվել.
2) իրավական միջոցների կիրառման կատարման մասին ծանուցում, եթե ավիացիոն անվտանգության պահանջների խախտում հանդիսացող թերությունները պաշտոնական նախազգուշացումից հետո չեն վերացվել և (կամ) կրում են շարունակական բնույթ:»։
3. Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 11-րդ, 12-րդ, 16-րդ, 25-րդ, 31-րդ, 35-րդ, 40-րդ, 42-րդ, 43-րդ կետերում և N 1 ձևում «գլխավոր վարչություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «կոմիտե» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Արխիվ

2024

2023