Կառավարության որոշումներ

15 Ապրիլի 2021, 572 - Ա

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 6-րդ ենթակետը, 5-րդ և 6.4-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան, Հատիսի 6 հասցեում գտնվող 28 441 000 դրամ շուկայական արժեքով 100 քառ. մետր ընդհանուր մակերեսով անշարժ գույքը (այսուհետ՝ անշարժ գույք) 10 (տասը) տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը (գրանցման համար՝ 222.120.00782, հասցե՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան, Հատիսի 6) (այսուհետ՝ Ընկերություն)՝ իր կողմից ներկայացված ծրագրին համապատասխան գործունեություն իրականացնելու համար:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, երկամսյա ժամկետում, Ընկերության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ՝
1) Ընկերությունը պարտավոր է պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում կատարել 25 000 000 դրամի ներդրումներ՝ համաձայն իր կողմից ներկայացված ծրագրի.
2) Ընկերությունը պարտավոր է իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե՝ սույն կետի 1-ին ենթակետում նշված ժամկետի ավարտից հետո 15-օրյա ժամկետում.
3) սույն կետի 1-ին ենթակետով սահմանված ներդրումային պարտավորությունները սահմանված ժամկետում չկատարելու կամ մինչև 50 % կատարելու դեպքում Ընկերությունը 3 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ՝ միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարված ներդրումների գումարի 20 %-ի չափով.
4) սույն կետի 1-ին ենթակետով սահմանված ներդրումային պարտավորությունները սահմանված ժամկետում 50 կամ ավելի տոկոսով կատարելու, սակայն ամբողջությամբ չկատարելու դեպքում Ընկերությունը 2 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարած ներդրումների գումարի 15 %-ի չափով.
5) Ընկերության կողմից ստանձնված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում սույն որոշման հիման վրա կնքված պայմանագիրը ենթակա է լուծման.
6) պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ Ընկերության միջոցների հաշվին:

 

Արխիվ

2024

2023