Կառավարության որոշումներ

6 Մայիսի 2021, 729 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 274-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի «Պինդ օգտակար հանածոների հանքավայրերի պաշարների և կանխատեսումային պաշարների դասակարգումը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 9-ի N 80 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 274-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) հավելվածի 29-րդ կետի 2-րդ ենթակետը «նպատակահարմար չէ» բառերից հետո լրացնել «կամ անհնար է փաստել դրանց տնտեսական նպատակահարմարությունը՝ Հայաստանի Հանրապետության հարևան երկրների հետ սահմանային վիճելի տարածքներում գտնվելու և հասանելիության խոչընդոտների հանգամանքներով պայմանավորված,» բառերով.
2) հավելվածի 31-րդ կետը «ապահովիչ բնամասերում» բառերից հետո լրացնել
«, Հայաստանի Հանրապետության հարևան երկրների հետ սահմանային վիճելի տարածքներում» բառերով.
3) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 31.1-ին կետով.
«31.1. Հայաստանի Հանրապետության հարևան երկրների հետ սահմանային վիճելի տարածքներում գտնվող պինդ օգտակար հանածոների պաշարներն արտահաշվեկշռայինից վերագրվում են հաշվեկշռայինի կամ դուրս են գրվում Հայաստանի Հանրապետության հարևան երկրների հետ սահմանային վիճելի համարվող տարածքների և հասանելիության խոչընդոտների հետ կապված վեճերի կարգավորման դեպքում:».
4) հավելվածի 32-րդ կետը «այն դեպքում, եթե» բառերից հետո լրացնել «պինդ օգտակար հանածոների պաշարները գտնվում են սույն հավելվածի 31-րդ կետով սահմանված տարածքներում կամ» բառերով.
5) հավելվածի 47-րդ կետում «5» թիվը փոխարինել «10» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
3. Սույն որոշումը տարածվում է որոշումն ուժի մեջ մտնելուց առաջ ծագած հարաբերությունների վրա ևս:

Արխիվ

2024

2023