Կառավարության որոշումներ

10 Հունիսի 2021, 968 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1566-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29 ի «Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1566-Ն որոշման մեջ (այսուհետ` որոշում) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.
1) որոշման 2-կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետով՝
«4) Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստն ազգային օպերատորի կողմից անկանխիկ եղանակով վճարման ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն N 4 հավելվածի։».
2) որոշման N 1 հավելվածի 24-րդ կետում «ստանալ խնամքի նպաստը» բառերը փոխարինել «ստանալ խնամքի նպաստը: Խնամքի նպաստը անկանխիկ եղանակով՝ ազգային օպերատորի միջոցով ստանալու համար նպաստառուն ազգային օպերատորի հետ կնքում է էլեկտրոնային փողի հաշվառման հաշվի բացման և համալրման պայմանագիր: Նպաստառուի պահանջով նրան տրամադրվում է էլեկտրոնային փողի հաշվառման հաշվի բացման և համալրման պայմանագիր կնքելը հավաստող տեղեկանք՝ տարածքային բաժին ներկայացնելու համար: Տեղեկանքում նշվում են նպաստառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթուղթը, էլեկտրոնային փողի հաշվառման հաշվի բացման և համալրման պայմանագիրը կնքելու օրը, ամիսը, տարին։» բառերով․
3) որոշման N 1 հավելվածը 24-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 24.1-ին կետով՝
«24.1. Սույն կարգի 24-րդ կետում նշված դիմումին կից ներկայացվում է նաև այդ կետում նշված տեղեկանքը, եթե այդ դիմումով նպաստառուն խնամքի նպաստը ցանկանում է ստանալ ազգային օպերատորի միջոցով:»․
4) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ N 4 հավելվածով՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչև 2021 թվականի հունիսի 21-ը, խնամքի նպաստն անկանխիկ եղանակով ազգային օպերտորի միջոցով ստանալու համար նպաստառուն կարող է դիմել նաև բանկ (եթե նպաստառուն ցանկանում է խնամքի նպաստը ստանալ տվյալ բանկի միջոցով) կամ ազգային օպերատորին (եթե նպաստառուն ցանկանում է խնամքի նպաստը ստանալ ազգային օպերատորի միջոցով): Բանկը կամ ազգային օպերատորը մինչև 2021 թվականի հունիսի 23-ը ներառյալ էլեկտրոնային եղանակով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված միջոցներով (CBANet միջբանկային համակարգչային ցանցի միջոցով), Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայություն է ներկայացնում՝
1) իրեն դիմած՝ սույն կետում նշված նպաստառուի տվյալները՝ անունը, ազգանունը (առկայության դեպքում` հայրանունը), անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը.
2) բանկին դիմելու կամ ազգային օպերատորին դիմելու օրը, ամիսը, տարին.
3) էլեկտրոնային փողի հաշվառման հաշվի բացման և համալրման պայմանագիր կնքելու օրը, ամիսը, տարին (ներկայացնում է միայն ազգային օպերատորը)։
4. Եթե սույն որոշման 3-րդ կետով սահմանված կարգով տրամադրված տվյալներով նպաստառուն չի նույնականացվում, ապա 2021 թվականի հուլիսի 1-ից նրա խնամքի նպաստի վճարումը շարունակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29 ի N 1566 -Ն որոշման N 1 հավելվածով սահմանված կարգով։
5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566 -Ն որոշման N 4 հավելվածով հաստատված՝ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստն ազգային օպերատորի կողմից անկանխիկ եղանակով վճարման ծառայությունների մատուցման պայմանագրի գործողության ժամկետ սահմանել մինչև 2021 թվականի հոկտեմբերի 1-ը:

հավելված

Արխիվ

2024

2023