Կառավարության որոշումներ

24 Հունիսի 2021, 1048 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔԻ ՄԱՍԻՆ

 
Հիմք ընդունելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագիրը և հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 17-ի N 21 կարգադրությունը և «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 23-րդ պարբերությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ժամանակավոր արգելել Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագման ապրանքների ներմուծումը՝ համաձայն հավելվածի։
2. Որոշման 1-ին կետով սահմանված արգելքը չի տարածվում՝
1) «վերամշակում` մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգերով ներմուծվող ապրանքների վրա.
2) ապրանքանիշերի հայաստանյան ներկայացուցիչների (դիլերներ, տարածորդներ, գործակալներ) կողմից ներմուծվող և թուրքական ծագում ունեցող այն ապրանքների (ներառյալ` պահեստամասերի, մեխանիզմների, ագրեգատների, հանգույցների և դրանց բաղադրիչների) վրա, որոնք նախատեսված են հաճախորդների երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում իրականացնելու համար՝ հայտարարագրման պահին մաքսային մարմիններին ներկայացնելով երաշխիքային և հետերաշխիքային սպասարկման փաստաթղթերը.
3) սույն որոշման դրույթները չեն տարածվում «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 249.1-ին հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխված անձ ճանաչված ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների վրա.
4) Հայաստանի Հանրապետությունից այլ երկրներ հետագա արտահանման ենթակա (այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ) ԱՏԳ ԱԱ 07, 08 ապրանքային խմբերին դասվող ապրանքների ներմուծման վրա, որոնք մինչև Հայաստանի Հանրապետության տարածքից դրանց փաստացի արտահանումը պետք է գտնվեն միայն ժամանման վայրի մաքսային մարմնում, իսկ արտահանման նպատակով այլ տրանսպորտային միջոցի վրա դրանց փոխաբեռնումը կարող է իրականացվել առանց ժամանման վայրի մաքսային մարմնի տարածքը լքելու՝ մաքսային մարմնի թույլտվությամբ.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն և (կամ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշումներով սահմանված կարգերով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած և հաստատված ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող ապրանքների վրա։
3. Սույն որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված դեպքի արդյունավետ հսկողությունն իրականացնելու նպատակով որպես ժամանման վայրի մաքսային մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Բագրատաշեն անցումային կետը:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ծանուցել սույն որոշման 1-ին կետով նախատեսված ժամանակավոր արգելքի մասին:
5. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետի կատարման նկատմամբ վերահսկողություն:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հուլիսի 1-ից և գործում է վեց ամիս ժամկետով:

 

հավելված

Արխիվ

2024

2023