Կառավարության որոշումներ

15 Հուլիսի 2021, 1165 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 270-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը, «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության կանոնները սահմանելու մասին» N 270-ն որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով՝
«1.1. Սահմանել արտադրական կանեփի շրջանառության հատուկ կանոնները՝ համաձայն N 1.1. հավելվածի։»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության կանոնները սահմանելու մասին» N 270-ն որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ N 1.1 հավելվածով՝
«ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՆՈՆՆԵՐԸ
1. Սույն հավելվածով նախատեսված կանոնները կարգավորում են արտադրական կանեփի օրինական շրջանառության հատուկ կանոնները: N 1 հավելվածով նախատեսված կանոնները կիրառելի են արտադրական կանեփի շրջանառության նկատմամբ այնքանով, որքանով N 1.1 հավելվածով այլ բան նախատեսված չէ։
2. Արտադրական կանեփի շրջանառությունն իրականացվում է արդյունաբերության մեջ դրա օգտագործման նպատակով՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված լիցենզիաների շրջանակներում։ Արգելվում է արտադրական կանեփի բույսերի մշակումը և վերամշակումը անձնական օգտագործման համար:
3. Արտադրական կանեփի մշակության և վերամշակման համար անհրաժեշտ են՝
1) փակ տարածքներ՝ ջերմատներ, սածիլանոցներ, տնկարաններ, դրանց տեխնոլոգիական ապահովման, ինչպես նաև շահագործման համար օգտագործվող սարքեր, սարքավորումներ և նյութեր ու անվտանգության համակարգի առկայություն.
2) վերամշակման (չորացման, առանձնացման, մանրացման, յուղի զտման և այլն), փաթեթավորման սենյակ, անհրաժեշտ սարք-սարքավորումների, նյութերի հագեցվածությամբ և անվտանգության համակարգի առկայությամբ պահեստ.
3) լաբորատորիա.
4) հանդերձարան, հանգստի սենյակ։
4. Տնկարան և սածիլանոց կարող են հանդիսանալ այն փակ շինությունները, որտեղ հնարավոր է սերմերից ստանալ սածիլներ, այնուհետև մայր բույսեր, վերջիններից էլ՝ կտրոններ: Բոլոր փուլերում` սերմերի ծլման, հետագա աճի և զարգացման համար տնկարաններում և սածիլանոցներում պետք է ապահովվեն անհրաժեշտ պայմաններ (ջերմաստիճան, խոնավություն և այլն), մշակությունը կարող է իրականացվել դարակաշարերի վրա` արհեստական լուսավորության պայմաններում:
5. Ջերմատունը արտադրական կառույց է, որն ունի կողային պատեր և տանիք, որոնք պատված են պոլիէթիլենով, ապակիով կամ պոլիկարբոնատով, հագեցած է ջերմատանը բույսերի աճի և զարգացման համար անհրաժեշտ պայմաններ (ջերմաստիճան, խոնավություն, հովացում, լրացուցիչ լուսավորություն և
այլն) ապահովող սարքերով և սարքավորումներով: Ջերմատան մոդելները կարող են լինել տարբեր` կախված տանիքի ձևից (թունելային, միաթեք կամ երկթեք), ծածկող նյութից, տանիքի թեքության աստիճանից, դրա բարձրությունից և այլ ցուցանիշներից: Ջերմատունը ճակատային կողմից ունենում է դուռ՝ մուտքի և ելքի նպատակով։
6. Պահեստները փակ շինություններ են, որտեղ հագեցած օդի հարաբերական խոնավության և ջերմաստիճանը կարգավորող սարքավորումներով հնարավոր է նաև բերքի չորացման ամբողջ գործընթացի իրականացում:
Պահեստի դուռը պետք է լինի մետաղյա, պատուհանները` վանդակապատված: Պահեստում պետք է տեղադրված լինեն հատակին ամրացված չհրկիզվող պահարաններ: Պահեստը պետք է ունենա խոնավաչափ և պետք է սարքավորված լինի ազդանշանային համակարգով` ձայնային կամ լուսային ազդանշանը պահպանության դիտակետին միացնելով կամ շենքի արտաքին մասին
ամրացնելով: Ազդանշանային սարքավորումների էլեկտրասնուցման համակարգը պետք է ունենա պահեստային էլեկտրասնուցման աղբյուր:
7. Տնկարանը, պահեստը, ջերմատունը, սածիլանոցը, պահեստը և լաբորատորիան պետք է ունենան հրդեհի ազդարարման ինքնաշխատ և անվտանգության ահազանգման շուրջօրյա գործուն համակարգ (անվտանգության պլան), որի էլեկտրասնուցումը կատարվում է տարբեր աղբյուրներից, որոնցից մեկը կարող է լինել տեղային (լոկալ): Ընդ որում՝ հրդեհի ազդարարման ինքնաշխատ շուրջօրյա համակարգը պետք է տեղադրված լինի ամբողջ տարածքում և միացված լինի Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի «911» ծառայությանը:
8. Պահեստի և լաբորատորիայի տարածքում պետք է տեղադրված լինեն պիտանելիության ժամկետում գտնվող կրակմարիչներ ըստ տարածքի մակերեսի: Անվտանգության ահազանգման շուրջօրյա համակարգը պետք է տեղադրված լինի առնվազն բոլոր արտաքին դռներին և պատուհաններին (բացառությամբ ջերմոցների) և միացված լինի ոստիկանության կամ արտոնագրված պահակախմբի համակարգին` հիմնավորված համապատասխան փաստաթղթերով:
9. Եթե տնկարանը, պահեստը, ջերմոցը, սածիլանոցը, պահեստը կամ լաբորատորիան գտնվում են ներքին շուրջօրյա պահակային (անվտանգության) ծառայություն կամ անվտանգության ահազանգման շուրջօրյա համակարգ ունեցող տարածքներում, ապա այդ տարածքի անվտանգության ահազանգման շուրջօրյա համակարգը պետք է միացված լինի շուրջօրյա պահակային (անվտանգության) ծառայությանը կամ անվտանգության ահազանգման շուրջօրյա համակարգին` հիմնավորված համապատասխան փաստաթղթերով:
10. Արտադրական կանեփի բերքի, մայր բույսերի, կտրոնների, սածիլների, սերմերի փոխադրումն իրականացվում է այն արտադրող անձի կողմից՝ համապատասխան կահավորում ունեցող ավտոտրանսպորտային միջոցով։ Փոխադրումն իրականացնողն իր մոտ պարտադիր ունենում է ուղեկցական փաստաթղթեր՝ բեռի պարունակության, քանակի և երթուղու վերաբերյալ՝ հաստատված
բեռի սեփականատեր հանդիսացող իրավաբանական անձի կողմից։
11. Արտադրական կանեփի բերքի, մայր բույսերի, կտրոնների, սածիլների, սերմերի, բուսախեժի փոխադրում իրականացնող անձը փոխադրվող ապրանքը դուրս չի բերում ավտոտրանսպորտային միջոցից, իսկ ավտոտրանսպորտային միջոցը չի լքում այնքան ժամանակ, քանի դեռ ապրանքը չի հասցվել տեղափոխման (առաքման) վայր։
12. Արտադրական կանեփի բերքի, մայր բույսերի, կտրոնների, սածիլների, սերմերի, բուսախեժի փոխադրումը (առաքումը) չի իրականացվում փոստային
ծառայության միջոցով։
13. Արտադրական կանեփի շրջանառությանն ուղղված գործունեությունն իրականացվում է այն հասցեում, որը ներկայացվել է լիազոր պետական մարմնին, իսկ հասցեի փոփոխություն իրականացվում է միայն լիազոր մարմնի
որոշմամբ։
14. Արտադրական կանեփի շրջանառությանն ուղղված գործունեություն իրականացնող անձինք վարում են գրանցամատյան, որտեղ լրացվում է յուրաքանչյուր եռամսյակում ներմուծված, գնված արտադրական կանեփի սերմերի, սածիլների, մայր բույսերի, կտրոնների և արտադրական կանեփի բերքի և դրա
վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի (վաճառք, արտահանում) ծավալը և բացթողնման յուրաքանչյուր դեպքում` քանակի, գործարքի ամսաթվի,
առաքողի եւ ստացողի վերաբերյալ նշում:
Նշված գրանցամատյանները, ինչպես նաև N 3 hավելվածով սահմանված հաշվետվությունները ներբեռնվում են միասնական էլեկտրոնային հարթակում
գրանցված անձնական էջում։ Անձնական էջը վարում է լիցենզավորված անձը, իսկ դրանում առկա տեղեկությունները հասանելի են Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը, լիազոր պետական մարմնին, տվյալ ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին, ինչպես նաև թմրամիջոցների ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովում ներառված պետական մարմիններին։
15. Արտադրական կանեփի արտադրության գործընթացի արդյունքում առաջացած այն բոլոր նյութերը, այդ թվում՝ բույսերը, որոնք պարունակում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված տետրահիդրոկաննաբինոլի (THC) և կանաբիդիոլի (CBD) թույլատրելի կոնցենտրացիայից ավելի բարձր կոնցենտրացիա, ենթակա են ոչնչացման՝ վերահսկողության սահմանման կարգով:
16. Արտադրական կանեփի աճեցման նպատակով սերմեր սածիլներ, մայր բույսեր, կտրոններ ներմուծում են համապատասխան լիցենզիայի շրջանակներում՝ յուրաքանչյուր երկրից։ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող արտադրական կանեփի սերմերը ներմուծվում են դրոշմված (կնքված) և պիտակավորված փաթեթներով (տարաներով), յուրաքանչյուր խմբաքանակ ուղեկցվում
է արտահանող երկրի իրավասու կազմակերպության կողմից տրված սերմերի, սածիլների, մայր բույսերի սորտային պատկանելիության և որակական ցուցանիշների հավաստագրերով և ներմուծման բուսասանիտարական հավաստագրերով:
17. Արտադրական կանեփ աճեցվում, արտադրվում է համապատասխան նպատակային նշանակությամբ հողատարածքներում կառուցված փակ կառույցներում՝ ջերմատներում, սածիլանոցներում, տնկարաններում։
18. Արտադրական կանեփի բույսերի, ստացված բերքի, դրա արտադրանքի վերամշակման տարբեր փուլերում և վերջնական ստացված արտադրանքի լաբորատոր փորձաքննությունն իրականացվում է փորձաքննության համար կահավորված փակ լաբորատորիաներում, իսկ վերամշակումը, այդ թվում՝ չորացումը, մաքրումը, մանրացումը, զտումը և փաթեթավորումը՝ դրա համար նախատեսված սենյակում:
19. Արտադրական կանեփի սերմերից սածիլների, դրանցից մայր բույսերի, այնուհետև կտրոնների ստացումն իրականացվում է բացառապես փակ կառույցներում, որոնք առանձնացված են կանեփի բույսերի մշակության համար նախատեսված ջերմատներից, անգամ եթե դրանք գտնվում են միմյանց հարևանությամբ
20. Ջերմատները, տնկարանները, լաբորատորիաները, պահեստներն ունեն անվտանգության ապահովման պլան, որը ներառում է տեսաձայնագրող
սարքերի, ձայնային կամ լուսային ազդանշաններ արձակող սարքերի, կոդավորման համակարգով հագեցած դռների առկայություն, անվտանգության աշխատակիցների շուրջօրյա ներկայություն։ Ազդանշանային սարքավորումների էլեկտրասնուցման համակարգն ունի պահեստային էլեկտրասնուցման աղբյուր։
21. Աճեցված, արտադրված, մշակված, վերամշակված արտադրական կանեփը, արտադրական կանեփի բույսերը, սերմերը, բուսախեժն ունեն տարբերակիչ փաթեթավորում, մակնշում, ինչպես նաև պարունակում են տեղեկություն դրանք արտադրած անձի, ինչպես նաև դրանց վտանգավորության վերաբերյալ:
22. Արտադրական կանեփի, արտադրական կանեփի բույսերի, սերմերի, բուսախեժի արտահանումն իրականացվում է արտադրական կանեփի արտահանման թույլտվության առկայության պարագայում օրենքով նախատեսված լիցենզիայի շրջանակներում։»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։  

Արխիվ

2024

2023