Կառավարության որոշումներ

23 Փետրվարի 2022, 203 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-Ի N 744-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 19-ի «Օդային երթևեկության կազմակերպման, աերոնավիգացիոն կապի և դիտարկման, աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման, աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայություն իրականացնող կազմակերպություններին թույլտվություն տալու կարգը հաստատելու մասին» N 744-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 3-րդ կետից հանել «կամ դրանց ստորաբաժանումների» բառերը.
2) 5-րդ կետից հանել «և Աերոնավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպության (այսուհետ` Եվրակոնտրոլ) փաստաթղթերով» բառերը.
3) 6-րդ կետում՝
ա. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն (այսուհետ` գլխավոր վարչություն)» բառերը փոխարինել «Քաղաքացիական ավիացիայի կոմիտե (այսուհետ` կոմիտե)» բառերով.
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11-րդ ենթակետով՝
«11) ըստ գործառույթների տեսակների տեխնիկական միջոցների ցանկը։».
4) ամբողջ տեքստում «գլխավոր վարչություն» և «գլխավոր վարչության պետ» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել համապատասխանաբար «կոմիտե» և «կոմիտեի նախագահ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
5) 7-րդ կետում «9» թիվը փոխարինել «11» թվով.
6) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«8. Կազմակերպությանը թույլտվություն տալու գործընթացն իրականացվում է կոմիտեի նախագահի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի (այսուհետ` խումբ) կողմից հայտը ստանալուց հետո 30-օրյա ժամկետում` յուրաքանչյուր գործառույթի տեսակի համար կազմակերպության մասնագիտական և տեխնիկական համապատասխանության տեսական և գործնական ուսումնասիրությունների միջոցով: Տեսական և գործնական ուսումնասիրություններն իրականացվում են կոմիտեի նախագահի հրամանով հաստատված հարցաթերթիկներով և ուղեցույցով, որոնք պարտադիր են խմբի համար:».
7) 11-րդ կետում «մեկամսյա ժամկետ՝» բառերը փոխարինել «30-օրյա ժամկետ՝ յուրաքանչյուր գործառույթի տեսակի համար,» բառերով.
8) 19-րդ կետում՝
ա. 5-րդ ենթակետում «կազմակերպության» բառը փոխարինել «կազմակերպությունների՝ այդ թվում հարևան պետությունների» բառերով.
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ ենթակետով՝
«6) թռիչքների անվտանգության և որակի կառավարման համակարգերը:».
9) 21-րդ կետի 2-րդ ենթակետում «(ռադիոլոկացիոն)» բառը փոխարինել «(ռադիոլոկացիոն և բազմադիրքային)» բառերով.
10) 22-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ ենթակետով՝
«8) թռիչքների անվտանգության և որակի կառավարման համակարգերը:».
11) 24-րդ կետի՝
ա. 4-րդ ենթակետից հանել «և Եվրակոնտրոլի Ներդրման ապահովման Եվրակոնտրոլի ընդհանուր ուղեցույցով» բառերը.
բ. 5-րդ ենթակետը «միջոցների» բառից հետո լրացնել «և դրանց համար նախատեսված կառույցների» բառերով.
12) 5-րդ գլխի վերնագրից և 26-րդ կետի 1-ին ենթակետից հանել «(ստորաբաժանման)» բառը.
13) 26-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ ենթակետով՝
«5) թռիչքների անվտանգության և որակի կառավարման համակարգերը:».
14) 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«27. ԱՕԱ իրականացնող կազմակերպությանը թույլտվություն տալու գործընթացի շրջանակներում խմբի կողմից տեսական և գործնական եղանակներով ուսումնասիրվում են կազմակերպության կառուցվածքի, սարքավորումների, միջոցների և ծառայությունների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 383-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդերևութաբանական ապահովման կանոնակարգին։».
15) 29-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3) աերոնավիգացիոն տեղեկատվական ծառայության տեղեկատվական, տեխնիկական միջոցների, ինչպես նաև ծրագրային ապահովման համակարգերի ցանկերը.».
16) 30-րդ կետում՝
ա. 2-րդ ենթակետից հանել «համաձայն` Եվրակոնտրոլի ՔԱՍՊ 1.0 (CASP 1.0) փաստաթղթերի պահանջների» բառերը.
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ ենթակետով՝
«5) թռիչքների անվտանգության և որակի կառավարման համակարգերը:».
17) 32-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
18) 33-րդ կետի՝
ա. «Վերահսկողությունը» բառը փոխարինել «Թույլտվություն ստացած կազմակերպությունների անվտանգության վերահսկողությունը» բառերով.
բ. 1-ին ենթակետը «դիտարկման» բառից հետո լրացնել «, ինչպես նաև աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման» բառերով.
19) 34-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«34. Մոնիթորինգը կատարվում է կոմիտեում թռիչքների անվտանգությանն առնչվող զեկույցների հավաքագրմամբ, դրանց ուսումնասիրությամբ, համեմատությամբ նախորդ տարիների մոնիթորինգների արդյունքների հետ: Թռիչքների անվտանգությանն առնչվող զեկույցները ներկայացվում են կոմիտե թույլտվություն ստացած կազմակերպությունների կողմից՝ կոմիտեի նախագահի կողմից սահմանված կանոնակարգով և ձևաչափով։».
20) 36-րդ կետը «դիտարկման» բառից հետո լրացնել «, ինչպես նաև աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման» բառերով.
21) 37-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2) աուդիտն իրականացվում է կոմիտեի նախագահի հրամանով հաստատված հարցաթերթիկներով և ուղեցույցով.».
22) 39-րդ կետում՝
ա. «Աուդիտն իրականացվում է հարցաթերթերով, որի ընթացքում ուսումնասիրվում են`» բառերը փոխարինել «Աուդիտի ընթացքում ուսումնասիրվում են՝» բառերով.
բ. 1-ին ենթակետից հանել «և Եվրակոնտրոլի ESARR-5-ի» բառերը.
23) 41-րդ կետի 7-րդ ենթակետը «անհամապատասխանությունները» բառից հետո լրացնել «(Level 2 findings)» բառերով.
24) 42-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«42. Աուդիտի ընթացքում թռիչքների անվտանգությանն սպառնացող թերությունների (Level 1 findings) ի հայտ գալու դեպքում, դրանց մասին, մինչև հաշվետվություն ներկայացնելը, աուդիտն իրականացնող մասնագետների կողմից անմիջապես գրավոր կամ բանավոր եղանակով տեղեկացվում է կոմիտեի նախագահին և 2 աշխատանքային օրվա ընթացքում մշակվում թռիչքների անվտանգության ուղեցույցներ:».
25) 46-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«46. Թույլտվություն ստացած կազմակերպությունը սույն կարգի 47-րդ կետի համաձայն տեղեկացնում է կոմիտեին թռիչքների անվտանգությանն առնչվող փոփոխությունների մասին, որոնք նախատեսում է իրականացնել իր համակարգերում:».
26) 48-րդ կետում՝
ա. «օդային երթևեկության կազմակերպման» բառերը փոխարինել «աերոնավիգացիոն սպասարկման» բառերով.
բ. 2-րդ ենթակետում «ոչ նշանակալի փոփոխություններ ներկայացնելու դեպքում գլխավոր վարչությունն ուսումնասիրում և ի գիտություն է ընդունում դրանց վերաբերյալ տեղեկատվությունը:» բառերը փոխարինել «ոչ նշանակալի փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվությունը, ներառյալ՝ դրանց ներդրումից առաջացող հնարավոր ռիսկերի գնահատումը, կազմակերպության կողմից ներկայացվում է կոմիտե։» բառերով.
27) 49-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«49. Նշանակալի փոփոխությունների ներդրման նպատակով կազմակերպությունը կոմիտե է ներկայացնում հայտ, որում ներառվում են տեղեկատվություն անվտանգության մակարդակի ապահովման մասին, փոփոխությունների ներդրումից առաջացող հնարավոր ռիսկերի գնահատումը և դրանց նվազեցմանն ուղղված միջոցառումները։ Հայտն ուսումնասիրվում է կոմիտեի կողմից, որի վերաբերյալ մեկ ամսվա ընթացքում ընդունում է որոշում նշանակալի փոփոխությունների ընդունման կամ չընդունման մասին: Որոշման ընդունումից հետո կոմիտեն 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է կազմակերպությանը՝ չընդունման դեպքում նշելով որոշման հիմնավորումները։».
28) 50-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«50. Յուրաքանչյուր տարվա վերջին կարգի 7-րդ և 8-րդ գլուխների համաձայն կատարված վերահսկողությունների արդյունքների հիման վրա կոմիտեի կողմից մշակվում է թռիչքների անվտանգության մասին հաշվետվություն, որը հրապարակվում է կոմիտեի էլեկտրոնային կայքի միջոցով։».
29) 51-րդ և 52-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Արխիվ

2024

2023