Կառավարության որոշումներ

3 Մարտի 2022, 281 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԱԶՈՏԱԿԱՆ, ՖՈՍՖՈՐԱԿԱՆ ԵՎ ԿԱԼԻՈՒՄԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածի 15-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագրի իրականացման նպատակով բացել գանձապետական ավանդային հաշիվներ.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնհինգօրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
3. Սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով բացված հաշիվների նկատմամբ պատասխանատվությունը և գործողությունների իրականացման լիազորությունը վերապահել համայնքներին։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

հավելված

 

Արխիվ

2024

2023