Կառավարության որոշումներ

24 Մարտի 2022, 400 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԵՌՆԵՐԻ՝ ԼԱՍՏԱՆԱՎՈՎ (ԼԱՍՏԱՆԱՎԵՐՈՎ) ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱԽՍԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասով, «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Ա որոշման «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 5.3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման և (կամ) Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման նպատակով բեռների՝ լաստանավով (լաստանավերով) տեղափոխման դեպքում առաջացած լրացուցիչ ծախսերի նվազեցմանն ուղղված միջոցառմանը՝ համաձայն հավելվածի։
2. Սահմանել, որ`
1) սույն որոշման 1-ին կետով հավանության արժանացած միջոցառումն իրականացվում է օպերատորի միջոցով՝ համաձայն սույն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված լիազոր ու պատասխանատու մարմինների և օպերատորի միջև կնքված պայմանագրի.
2) օպերատոր կարող է լինել այն ընկերությունը, որը կնքել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված օրինակելի ձևին համապատասխան պայմանագիր «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության և «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության հետ՝ երկաթգծային տրանսպորտով և լաստանավով Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման կազմակերպման նպատակով.
3) սույն որոշման 1-ին կետով հաստատված միջոցառումը ֆինանսավորող լիազոր մարմին է համարվում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, իսկ միջոցառման իրականացման պատասխանատու մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը։
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երեքշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել՝
1) սույն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված լիազոր ու պատասխանատու մարմինների և օպերատորի, «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության և օպերատորի, «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության և օպերատորի միջև կնքվելիք պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման նախագիծ.
2) «Օպերատոր ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ.
3) «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի վերաբաշխում, լրացում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ.
4) միջոցառման իրականացումը հիմնավորող վերջնական ֆինանսական մոդելը և հաշվարկները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

հավելված

Արխիվ

2024

2023