Կառավարության որոշումներ

7 Ապրիլի 2022, 444 - Ա

«ԳՅՈՒԿՈՆԴ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 16-րդ հոդվածները, «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով հաստատված ցանկի 42-րդ կետը, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 9-րդ մասը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 27-ի N 823-Ն որոշման 1-ին կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 9-ի N 101-Ն որոշմամբ հաստատված կարգի 11-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) 774,194.0 հազար դրամ (ներառյալ 212,318.04 հազար դրամ հողի կադաստրային արժեքը) գնահատված ակտիվներ ունեցող «Գյուկոնդ» բաց բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն. գտնվելու վայրը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, ք. Գյումրի, Խանջյան 1), որի կանոնադրական կապիտալը կազմում է 46,770.0 հազար դրամ, 30.019243 տոկոս պետական բաժնետոմսերը (1404 հատ, յուրաքանչյուրը 10,000.0 դրամ անվանական արժեքով) մասնավորեցնել դասական աճուրդով:
2. Ընկերության՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2022 թվականի փետրվարի 18-ի դրությամբ գնահատված շուկայական արժեքը կազմել է 649,639.0 հազար դրամ (այդ թվում՝ 212,318.04 հազար դրամ հողի կադաստրային արժեքը)։
3. Սահմանել, որ՝
1) ընկերության պետական բաժնետոմսերի աճուրդով մասնավորեցման մեկնարկային գինը կազմում է 50,000.0 հազար դրամ.
2) հետագայում հողամասի առուվաճառքի, նվիրատվության, փոխանակման, իրավաբանական անձի բաժնետոմսի դիմաց բաժնետոմսի (բաժնեմասի, փայի) սեփականատիրոջը հանձնման կամ իրավաբանական անձանց լուծարումից հետո նրա հիմնադիրներին հանձնման դեպքում՝ ձեռք բերողը համապատասխան համայնքային բյուջե պետք է վճարի հողամասի՝ վճարման պահին գործող կադաստրային արժեքը:
4. Ընկերության գնահատված պարտավորությունները 2021 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 124,555.0 հազար դրամ, այդ թվում՝
1) երկարաժամկետ բանկային վարկեր և փոխառություններ՝ 102,554.0 հազար դրամ.
2) հետաձգված հարկային պարտավորություններ՝ 21,456.0 հազար դրամ.
3) կրեդիտորական պարտքեր գնումների գծով՝ 506.0 հազար դրամ.
4) կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին՝ 2.0 հազար դրամ.
5) կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատողների այլ կարճաժամկետ հատուցումների գծով 37.0 հազար դրամ:
6. Կոմիտեի նախագահին՝
1) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն 15 օր առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել, ինչպես նաև www.azdarar.am կայքում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդների անցկացման պայմանների, ժամկետների, աճուրդների մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
3) աճուրդի հաղթողի (այսուհետ` գնորդ) կողմից առաջարկված գնի, գույքի շուկայական արժեքի որոշման դիմաց գանձվող՝ 2,431.07 հազար դրամի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է՝
ա. իր միջոցների հաշվին վճարել պայմանագրի կնքման, ինչպես նաև ընկերության արժեթղթերի (բաժնետոմսերի) ռեեստրի վարման և պահառության դիմաց վճարումները,
բ. բաժնետոմսերի սեփականատերերի փոփոխության վերաբերյալ համապատասխան գրանցում կատարել բաժնետոմսերի ռեեստրը վարող մասնագիտացված կազմակերպությունում։
7. Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանվում է աճուրդով մասնավորեցման ենթակա գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: Գնորդի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ։ Հաղթող մասնակցի կողմից աճուրդի արդյունքների արձանագրությունը չստորագրելու, սահմանված ժամկետում հետագա վճարումները չկատարելու և (կամ) պայմանագիր չկնքելու դեպքերում աճուրդի մասնակցության նախավճարը չի վերադարձվում և այն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
8. Սահմանել, որ գնորդը գույքի վաճառքի գումարը վճարում է աճուրդի արդյունքների ամփոփման մասին արձանագրությունը ստորագրվելու օրվանից 10-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե՝ ըստ գույքի գտնվելու վայրի:

 

Արխիվ

2024

2023