Կառավարության որոշումներ

7 Ապրիլի 2022, 470 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի N 112-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում գտնվող և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակելի անշարժ գույքի հասցեում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, Հայաստանի Հանրապետության բնակության այլ վայրի հասցեում հաշվառված քաղաքացիների օգնության միջոցառումը և այդ օգնությունը տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 112-Լ որոշումը (այսուհետ՝ որոշում) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
«5. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում գտնվող և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակելի անշարժ գույքի հասցեում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, Հայաստանի Հանրապետության բնակության այլ վայրի հասցեում հաշվառված անձանց համար կառուցվող բնակելի անշարժ գույքը շահագործման հանձնելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել տեղեկատվություն:»:
2. Որոշման՝
1) N 1 հավելվածի 2-րդ կետում «մարզպետարանի կողմից մինչև 2021 թվականի հուլիս ամիսը՝ ներառյալ, իսկ 2021 թվականի օգոստոս-դեկտեմբեր ամիսների համար՝ նաև մինչև 2021 թվականի դեկտեմբերի 5-ը՝ ներառյալ» բառերը փոխարինել «մինչև 2022 թվականի նոյեմբեր ամիսը՝ ներառյալ, ամիսների համար, մարզպետարանի կողմից մինչև 2022 թվականի նոյեմբերի 15-ը՝ ներառյալ,» բառերով.
2) N 1 հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետում «2021 թվականի դեկտեմբերի» բառերը փոխարինել «2022 թվականի նոյեմբերի» բառերով, իսկ 2-րդ ենթակետում՝ «2021 թվականի դեկտեմբեր» բառերը փոխարինել «2022 թվականի նոյեմբեր» բառերով.
3) N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով․
«4. Անկախ սույն որոշմամբ սահմանված ժամկետներից, հետևյալ հանգամանքներից որևէ մեկի ի հայտ գալու դեպքում անձին (ընտանիքի անդամներին) դրամական օգնություն չի տրամադրվում (անձը (ընտանիքի անդամները) դադարում է (դադարում են) հանդիսանալ սույն միջոցառման շահառու)՝
1) Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակելի անշարժ գույքի դիմաց անձին (ընտանիքի անդամներին) պետական բյուջեի կամ տեղական և միջազգային կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց միջոցների հաշվին այլ բնակելի անշարժ գույք կամ դրամական միջոց հատկացնելու միջոցով տրվել է փոխհատուցում՝ փոխհատուցում տալու ամսվան հաջորդող ամիսների համար․
2) սույն միջոցառման շահառուների համար կառուցվող բնակելի թաղամասը՝ ներառյալ արտաքին բոլոր ինժեներական ենթակառուցվածքների իրականացումը (ճանապարհ, ջրամատակարարում, կոյուղի, էլեկտրամատակարարում, լուսավորություն, անասնագոմեր և ցանկապատեր) հանձնվել է շահագործման՝ շահագործման հանձնելու ամսվան հաջորդող ամիսների համար։»․
4) N 2 հավելվածի 4-րդ կետը «ցանկը» բառից հետո լրացնել «, շահառուների տվյալների փոփոխությունները (այդ թվում՝ սույն որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված դեպքում)» բառերով․
5) N 2 հավելվածի 4.1-ին կետում «2021 թվականի դեկտեմբերի 1-ը» բառերը փոխարինել «2022 թվականի նոյեմբերի 1-ը» բառերով, «2021 թվականի դեկտեմբերի 5-ը՝» բառերը փոխարինել «2022 թվականի նոյեմբերի 15-ը՝» բառերով և կետը «երեխա» բառից հետո լրացնել «կամ այդ ընտանիքին տրամադրվում է սույն որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված փոխհատուցումը» բառերով.
6) N 2 հավելվածի 9.1-ին կետը լրացնել հետևյալ նախադասությամբ․
«Մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ը սույն որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի՝
1) 1-ին ենթակետում նշված փոխհատուցումն ընտանիքին տրամադրելու դեպքում շահառուների ցանկում նշված՝ այդ ընտանիքի անդամներին դրամական օգնության գումարի վճարումը դադարեցվում է փոխհատուցումը տրամադրելու ամսվան հաջորդող ամիսների համար.
2) 2-րդ ենթակետում նշված բնակելի թաղամասը շահագործման հանձնելու դեպքում դրամական օգնության գումարի վճարումը դադարեցվում է բնակելի թաղամասը շահագործման հանձնելու ամսվան հաջորդող ամիսների համար։»․
7) ուժը կորցրած ճանաչել N 2 հավելվածի 11-րդ և 11.1-ին կետերը:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում գտնվող և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակելի անշարժ գույքի հասցեում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, Հայաստանի Հանրապետության բնակության այլ վայրի հասցեում հաշվառված քաղաքացիներին օգնության տրամադրման ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացում կատարելու վերաբերյալ:
4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը տրամադրել՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 112-Լ որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակներում 2021 թվականի փետրվար-դեկտեմբեր ամիսների համար աջակցություն ստացած այն անձանց տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, եթե անձը, իսկ եթե շահառուն անչափահաս է՝ ծնողը կամ խնամակալը, հրաժարվել է հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց), որոնց տվյալները տրամադրելուց հետո լրացուցիչ ուսումնասիրությամբ պարզվել է, որ չեն հանդիսանում սույն կետում նշված միջոցառման շահառուներ, կամ պետական բյուջեի կամ տեղական և միջազգային կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց միջոցների հաշվին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակելի անշարժ գույքի դիմաց այլ բնակելի անշարժ գույք կամ դրամական միջոց հատկացնելու միջոցով նրանց (ընտանիքին) հատկացվել է փոխհատուցում՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։

Արխիվ

2024

2023