Կառավարության որոշումներ

22 Ապրիլի 2022, 559 - Ա

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ և 22-րդ հոդվածները, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշմամբ հաստատված կարգի NN 1 և 2 հավելվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված՝ պետական սեփականություն հանդիսացող, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, համայնք Աբովյան, քաղ. Արզնու խճուղի 44 հասցեում գտնվող՝ 15965.49 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 5.27864 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ՝ գույք) (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 21102021-07-0178 վկայական) օտարել մրցույթով:
2. Սահմանել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով՝ 2021 թվականի դեկտեմբերի 16-ի դրությամբ՝
ա. գույքի գնահատված շուկայական արժեքը՝ 801 465 000 դրամ,
բ. գույքի գնահատված շուկայական արժեքում ներառված, հատկացված հողամասի գնահատված շուկայական արժեքը՝ 298 032 000 դրամ,
գ. գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ 234 466 632 դրամ.
2) մրցույթով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը՝ 801 465 000 դրամ։
3. Կոմիտեի նախագահին՝
1) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ կոմիտեի պաշտոնական stateproperty.am և www.azdarar.am կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների և մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.
3) մրցույթի հաղթողի կողմից (այսուհետ՝ գնորդ) գույքի վաճառքի գումարի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար մատուցված ծառայությունների՝ 1 200 000 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) արժեքի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել գրավի և օտարման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ՝
ա. գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի սահմանափակումների վերաբերյալ տեղեկանքի, պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը,
բ. գնորդի կողմից մրցույթի արդյունքում ստանձնած ներդրումները սահմանված ժամկետում չկատարելու կամ մինչև 50 տոկոս կատարելու դեպքում գնորդը 3 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ՝ միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարված ներդրումների գումարի 20 տոկոսի չափով,
գ. գնորդի կողմից մրցույթի արդյունքում ստանձնած ներդրումները սահմանված ժամկետում 50 կամ ավելի տոկոսով կատարելու, բայց ամբողջությամբ չկատարելու դեպքում գնորդը 2 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարած ներդրումների գումարի 15 տոկոսի չափով:
4. Սահմանել, որ՝
1) մրցույթի հաղթողին որոշելու համար հիմք են ընդունվում հետևյալ պայմանները և պայմանների գնահատման կշռային գործակիցները՝
ա. գույքի համար առաջարկվող գին (չի կարող ցածր լինել սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված արժեքից)՝ արտահայտված մեկ թվային մեծությամբ՝ կշռային գործակիցը՝ 0.7,
բ. գործարար ծրագրին համապատասխան իրականացվելիք ներդրումների չափ` արտահայտված մեկ թվային մեծությամբ` կշռային գործակից՝ 0.3.
2) հաղթող է ճանաչվում լավագույն պայմաններ առաջարկած և ըստ կշռային գործակիցների առավելագույն միավորներ հավաքած մասնակիցը.
3) հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվում է գույքի համար բարձր գին առաջարկած մասնակցին.
4) գույքի օտարման և գրավի պայմանագրով նախատեսել, որ մինչև պայմանագրային պարտավորությունների ամբողջական կատարման ավարտը գույքը համարվում է գրավադրված Հայաստանի Հանրապետության օգտին և առանց կոմիտեի գրավոր համաձայնության գնորդն իրավունք չունի գրավի առարկան օտարելու, այն տրամադրելու վարձակալության, անհատույց օգտագործման կամ այլ կերպ տնօրինման։ Գրավ դրված գույքը կոմիտեի գրավոր համաձայնությամբ օտարելիս կամ համապարփակ իրավահաջորդության կարգով այդ գույքի նկատմամբ գնորդի սեփականության իրավունքն այլ անձի անցնելիս գրավի իրավունքը պահպանելու է իր ուժը և նոր գնորդն իրավահաջորդության կարգով ստանձնելու է գործարքի արդյունքում գնորդին վերապահված ամբողջ պարտավորությունները։
5. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է գույքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ: Նախավճարը չի վերադարձվում և փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, եթե հաղթող մասնակիցը հրաժարվում է հետագա վճարումները կատարելուց։
6. Սահմանել, որ գնորդը վճարումը կատարում է Հայաստանի Հանրապետության արժույթով, ընդ որում, առաջարկված գինը, նվազեցված վճարման ենթակա հողամասի շուկայական արժեքի չափով (գնի բարձրացման դեպքում պահպանվում է հողամասի շուկայական արժեքի վճարման համամասնությունը)՝ 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ առաջարկվող գնի մեջ հաշվարկված հողամասի շուկայական արժեքը՝ համապատասխան գանձապետական հաշվին։

Արխիվ

2024

2023