Կառավարության որոշումներ

13 Մայիսի 2022, 687 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 821 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» N 821 որոշմամբ հաստատված կանոնադրության (այսուհետ՝ կանոնադրություն) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) կանոնադրության 1-ին կետի 6-րդ պարբերության 3-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ընդ որում, մինչև 16 տարեկան, ինչպես նաև 16 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին անձնագրերը տրամադրվում են մինչև նրանց 19 տարին լրանալը, իսկ 19 տարին լրացած լինելու դեպքում՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման կամ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ կամ 8-րդ մասով կամ 29-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված բժշկական վերափորձաքննության ժամկետով: Պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության լիազոր պետական կառավարման համակարգի մարմնի ղեկավարի միջնորդությամբ 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին անձնագիր կարող է տրամադրվել նաև այլ ժամկետով՝ ուսման, բուժման, մարզական, մշակութային միջոցառումներին մասնակցելու նպատակով:».
2) կանոնադրության 5-րդ կետի «բ» ենթակետը «ծննդյան վայրը» բառերից հետո լրացնել «(պետությունը կամ անձի ցանկությամբ մարզը կամ շրջանը կամ քաղաքը կամ ավանը կամ գյուղը՝ ծննդյան վկայականում համապատասխան նշումների առկայության դեպքում)» բառերով.
3) կանոնադրության 11-րդ կետի «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«զ) նախազորակոչային տարիքի քաղաքացիների դեպքում՝ նախազորակոչային տարիքի քաղաքացու զինվորական հաշվառման գրքույկ, զորակոչային տարիքի և պարտադիր զինվորական ծառայության զորակոչից օրենքով սահմանված կարգով տարկետում ստացած քաղաքացիների դեպքում՝ զորակոչային տարիքի քաղաքացու զինվորական հաշվառման գրքույկ, պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության զորակոչված, ինչպես նաև պահեստազորում հաշվառված քաղաքացիների դեպքում՝ զինվորական գրքույկ կամ զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք,».
4) կանոնադրության 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14. Անձնագիրը փոխանակելու համար քաղաքացին ներկայացնում է`
1) դիմում.
2) փոխանակման ենթակա անձնագիրը.
3) 35 x 45 մմ չափսի երկու լուսանկար (գունավոր).
4) նախազորակոչային տարիքի քաղաքացիների դեպքում՝ նախազորակոչային տարիքի քաղաքացու զինվորական հաշվառման գրքույկ, զորակոչային տարիքի և պարտադիր զինվորական ծառայության զորակոչից օրենքով սահմանված կարգով տարկետում ստացած քաղաքացիների դեպքում՝ զորակոչային տարիքի քաղաքացու զինվորական հաշվառման գրքույկ, պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության զորակոչված, ինչպես նաև պահեստազորում հաշվառված քաղաքացիների դեպքում՝ զինվորական գրքույկ կամ զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք.
5) անձնագրում որևէ տեղեկություն փոխելու կամ գրառումներում անճշտություններ հայտնաբերելու դեպքում՝ նաև իրավասու մարմնի կողմից տրված փոփոխությունը կամ անճշտությունը հավաստող փաստաթուղթ.
6) պետական տուրքի վճարման անդորրագիր:».
5) կանոնադրությունը 14.4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14.5-րդ կետով.
«14.5. Նոր անձնագիրը տրամադրվում է հին անձնագիրը վերցնելուց հետո: Քաղաքացու ցանկությամբ հին անձնագիրը վերադարձվում է դակելուց հետո՝ բացառությամբ կեղծված կամ օրենսդրության խախտմամբ ձեռք բերված անձնագրերի: Քաղաքացուն չվերադարձված կամ անձնագրային ծառայությունում գտնվող՝ օգտագործման համար ոչ պիտանի, անվավեր, սխալ տրված, խոտանված կամ օրենքով սահմանված այլ դեպքերում և կարգով անձնագրային ծառայություն վերադարձված անձնագրերի ոչնչացման կարգը սահմանում է ոստիկանության ոլորտում լիազոր պետական կառավարման մարմնի ղեկավարը:».
6) կանոնադրության 15.2-րդ կետի 1-ին պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.
7) կանոնադրության 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«19. Մեղադրյալի անձնագիրը ժամանակավորապես վերցնում է նախաքննության մարմինը: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչված անձանց անձնագիրը վերցնում է զինկոմիսարիատը և ուղարկում զորակոչված անձի հաշվառման վայրի անձնագրային ծառայություն: Մեղադրյալի անձնագիրը պահվում է վարույթ իրականացնող պաշտոնատար անձանց մոտ և վերադարձվում է հարուցված քրեական հետապնդումը դադարեցվելուց հետո անմիջապես: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչված անձի անձնագիրը վերադարձվում է պարտադիր զինվորական ծառայությունից զորացրվելիս՝ զինկոմիսարիատում զինվորական հաշվառման կանգնելուց և զինվորական գրքույկը ներկայացնելուց հետո անմիջապես: Ազատազրկման դատապարտված անձի անձնագիրը պահվում է պատիժը կատարող մարմնում և քաղաքացուն վերադարձվում է պատիժը կրելուց հետո անմիջապես: Արգելվում է անձնագիրը վերցնելը (բացառությամբ սույն կետում նշված դեպքերի) կամ գրավ ընդունելը:»:
2. Սույն որոշման 1-ին կետի 6-րդ ենթակետն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունիսի 25-ից, իսկ 1-ին կետի 7-րդ ենթակետը՝ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք» 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-306-Ն օրենքն ուժի մեջ մտնելու օրը:

 

Արխիվ

2024

2023