Կառավարության որոշումներ

9 Հունիսի 2022, 871 - Ա

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ և 22-րդ հոդվածները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշման NN 1 և 3 հավելվածներով հաստատված կարգերի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված` պետական սեփականություն հանդիսացող, քաղաք Երևան, Արաբկիր, Օրբելու փողոց 23 հասցեում գտնվող 9905.21 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 3.302955 հեկտար մակերեսով և 0.00436 հեկտար մակերեսով բաժնային սեփականություն հանդիսացող հողամասերն (սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական՝ 07072020-01-0320) (այսուհետ՝ գույք) օտարել մրցույթով:
2. Սահմանել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքը 2021 թվականի հուլիսի 6-ի դրությամբ՝ 8 267 066 000 դրամ.
2) անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքում ներառված, հատկացված հողամասի գնահատված շուկայական արժեքը՝ 7 586 227 000 դրամ.
3) հատկացված հողամասի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ 4 605 145 009 և 6 077 914 դրամ.
4) մրցույթով օտարման ենթակա գույքի վաճառքի նվազագույն գինը՝ գնահատված արժեքի 80 տոկոսի չափով՝ 6 613 652 800 դրամ.
5) մրցույթին մասնակցելու նախավճարը՝ գույքի վաճառքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով՝ 330 682 640 դրամ, որը մրցույթի հաղթող ճանաչված մասնակցի (այսուհետ` գնորդ) համար համարվում է գույքի վաճառքի գնի մաս և գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։ Մրցույթում հաղթող չճանաչված, ինչպես նաև մասնակցի կարգավիճակ չստացած հայտատուին (հայտատուներին) մրցույթի մասնակցության նախավճարը վերադարձվում է մրցութային հանձնաժողովի կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում՝ իրենց կողմից ներկայացված հաշվեհամարին.
6) գնորդը պարտավոր է վճարել նաև գույքի արժեքի որոշման ծառայությունների վճարը՝ 1 194 625 դրամ գումար (ներառյալ՝ ավելացված արժեքի հարկը), որը ենթակա է վճարման մրցույթի արդյունքների մասին արձանագրությունը ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում՝ գնահատողի համապատասխան հաշվին ու չի համարվում գույքի վաճառքի գնի մաս.
7) գույքի մրցույթի արդյունքում ձևավորված վաճառքի գինը ենթակա է վճարման 5 տարվա ընթացքում հավասարաչափ (բացառությամբ այն դեպքի, երբ մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցն առաջարկել է մրցույթի արդյունքում ձևավորված վաճառքի գինը վճարել սույն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությամբ սահմանված ժամկետում)՝ ըստ հետևյալ ժամանակացույցի՝
ա. 1-ին վճարում՝ սույն որոշման 6-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ժամանակահատվածում,
բ. 2-րդ վճարում՝ ոչ ուշ, քան 2023 թվականի օգոստոսի 1-ը,
գ. 3-րդ վճարում՝ ոչ ուշ, քան 2024 թվականի օգոստոսի 1-ը,
դ. 4-րդ վճարում՝ ոչ ուշ, քան 2025 թվականի օգոստոսի 1-ը,
ե. 5-րդ վճարում՝ ոչ ուշ, քան 2026 թվականի օգոստոսի 1-ը.
8) որ գույքի օտարման դեպքում գույքը համարվում է սույն որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետում նշված օգտագործողներից հետ վերցված։
3. Կոմիտեի նախագահին՝
1) մրցույթի անցկացման օրվանից առնվազն 40 օր առաջ կոմիտեի պաշտոնական և www.azdarar.am կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների և մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.
3) մրցույթում հաղթողի առկայության և հաղթողի կողմից սույն որոշման 6-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետում վճարումներն իրականացնելուց հետո՝ երկամսյա ժամկետում ապահովել գույքի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն 1) հետ 13.09.2013 թ. կնքված թիվ 142/0013 և «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն 2) հետ 23.02.2016 թ. կնքված թիվ 19/0016 անհատույց օգտագործման պայմանագրերի լուծումը՝ նախատեսելով, որ պայմանագրի լուծման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների դադարման հետ կապված ծախսերն իրականացվելու են համապատասխանաբար կազմակերպություն 1-ի և կազմակերպություն 2-ի միջոցների հաշվին.
4) սույն կետի 3-րդ ենթակետով նախատեսված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել օտարման և գրավի պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ.
ա. գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված վճարներն ու տուրքերը,
բ. գույքը գնորդին է հանձնվում պայմանագրի կնքումից հետո մեկամսյա ժամկետում՝ բացառությամբ կազմակերպություն 2-ի կողմից զբաղեցվող տարածքի, որը գնորդին կհանձնվի պայմանագրի կնքումից հետո վեցամսյա ժամկետում,
գ. գնորդի կողմից մրցույթի արդյունքում ստանձնած ներդրումները սահմանված ժամկետում չկատարելու կամ մինչև 50 տոկոս կատարելու դեպքում գնորդը 3 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ՝ միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարված ներդրումների գումարի 20 տոկոսի չափով,
դ. գնորդի կողմից մրցույթի արդյունքում ստանձնած ներդրումները սահմանված ժամկետում 50 կամ ավելի տոկոսով կատարելու, բայց ամբողջությամբ չկատարելու դեպքում գնորդը 2 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարած ներդրումների գումարի 15 տոկոսի չափով:
4. Սահմանել, որ՝
1) մրցույթի հաղթողին որոշելու համար հիմք են ընդունվում հետևյալ պայմանները և պայմանների գնահատման կշռային գործակիցները՝
ա. գույքի համար առաջարկվող գին (չի կարող ցածր լինել սույն որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված նվազագույն գնից)՝ արտահայտված մեկ թվային մեծությամբ՝ կշռային գործակիցը՝ 0.7,
բ. գործարար ծրագրին համապատասխան իրականացվելիք ներդրումների չափ` արտահայտված մեկ թվային մեծությամբ` կշռային գործակից՝ 0.3,
գ. մրցույթի հայտատուների կողմից գույքի համար առաջարկվող գինը մրցույթի արձանագրությունը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում վճարելու առաջարկի դեպքում՝ սույն կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» ենթակետերով կիրառված կշռային գործակիցների արդյունքում հաշվարկված միավորների հանրագումարի մեծությանը գումարվում է հանրագումարի 20 տոկոսի չափով միավոր.
2) հաղթող է ճանաչվում լավագույն պայմաններ առաջարկած և ըստ կշռային գործակիցների առավելագույն միավորներ հավաքած մասնակիցը.
3) հավասար գործակիցների միավորների դեպքում նախապատվությունը տրվում է գույքի համար բարձր գին առաջարկած մասնակցին.
4) գույքի օտարման նպատակով առաջարկվող ներդրումների չափը պետք է ներկայացվի ըստ տարիների և չի կարող գերազանցել հինգ տարին.
5) գույքի օտարման և գրավի պայմանագրով նախատեսել, որ մինչև պայմանագրային պարտավորությունների ամբողջական կատարման ավարտը գույքը համարվում է գրավադրված Հայաստանի Հանրապետության օգտին և առանց կոմիտեի գրավոր համաձայնության գնորդն իրավունք չունի գրավի առարկան օտարելու, այն տրամադրելու վարձակալության, անհատույց օգտագործման, կամ այլ կերպ տնօրինման։ Գրավ դրված գույքը կոմիտեի գրավոր համաձայնությամբ օտարելիս կամ համապարփակ իրավահաջորդության կարգով այդ գույքի նկատմամբ գնորդի սեփականության իրավունքն այլ անձի անցնելիս գրավի իրավունքը պահպանելու է իր ուժը, և նոր գնորդն իրավահաջորդության կարգով ստանձնելու է գործարքի արդյունքում գնորդին վերապահված ողջ պարտավորությունները։
5. Գնորդի կողմից սույն որոշման 2-րդ կետի 6-րդ ենթակետով և 2-րդ կետի 7-րդ ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված ժամկետում վճարումները չկատարելու դեպքում մրցույթը համարվում է չկայացած, և կազմակերպվում է նոր մրցույթ՝ նույն պայմաններով։
6. Սահմանել, որ՝
1) գնորդը սույն որոշման 2-րդ կետի 7-րդ ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված 1-ին վճարումը կատարում է մրցույթի արդյունքների մասին արձանագրությունը ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով, ընդ որում.
- գույքի մեկնարկային գնում համամասնորեն հաշվարկված հողամասի շուկայական արժեքը (գնի բարձրացման դեպքում պահպանվում է հողամասի շուկայական արժեքի վճարման համամասնությունը) վճարում է համապատասխան գանձապետական հաշվին,
- առաջարկված գնի, նվազեցված վճարման ենթակա հողամասի շուկայական արժեքի չափով՝ 70 տոկոսն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի.
2) սույն որոշման 2-րդ կետի 7-րդ ենթակետի «բ»-ից «ե» պարբերություններով սահմանված գույքի վաճառքի գնում հաշվարկված հողամասի շուկայական արժեքն ամբողջությամբ վճարվելուց հետո՝ վճարման ենթակա մնացած մասը, ինչպես նաև 6-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված տույժերը (դրանց առկայության դեպքում) վճարվում են՝ 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի.
3) սույն որոշման 2-րդ կետի 7-րդ ենթակետի «բ»-ից «ե» պարբերություն-ներով սահմանված ժամկետներում վճարումները չկատարելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար գնորդը վճարում է տույժ՝ վճարման ենթակա գումարի 0.1 տոկոսի չափով, բայց ոչ ավելի 30 (երեսուն) աշխատանքային օրվա հաշվարկից.
4) սույն որոշման 6-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված ժամկետի ավարտից հետո տույժով հաշվարկված վճարումներից որևէ մեկը չկատարելու դեպքում կոմիտեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կձեռնարկի համապատասխան միջոցներ, ընդ որում՝ գնորդի վճարած և ներդրած գումարները ենթակա չեն վերադարձման:

 

Արխիվ

2024

2023