Կառավարության որոշումներ

7 Հուլիսի 2022, 1017 - Ա

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ և 688-րդ հոդվածները, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ քաղաք Երևան, Շենգավիթ, Արշակունյաց պողոտա 65 հասցեում գտնվող անշարժ գույքից առանձնացված և որպես առանձին գույքային միավոր գրանցված քաղաք Երևան, Շենգավիթ, Մասիսի փողոց 1 հասցեում գտնվող 301 677 025 դրամ սկզբնական արժեքով 809.2 քառ. մետր մակերեսով մասնաշենքը, 16 քառ. մետր մակերեսով պահակատունը, 13 քառ. մետր մակերեսով պարիսպը և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.181492 հա հողամասը (այսուհետ՝ անշարժ գույք) հետ վերցնել «Երևանի թիվ 1 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և 3 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (գրանցման համարը՝ 67.210.00704)։
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում «Երևանի թիվ 1 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2008 թվականի հոկտեմբերի 30-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման թիվ 35/008 պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություն կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Երևանի թիվ 1 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում «Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված պայմանագրի ժամկետի ավարտից հետո սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքը հետ է վերադարձվում «Երևանի թիվ 1 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ վերջինիս հետ կնքելով ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Երևանի թիվ 1 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

 

Արխիվ

2024

2023