Կառավարության որոշումներ

29 Հոկտեմբերի 2015, 1250 - Ն

2015 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի հոկտեմբերի 27-ի «2015 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» ՆՀ-772-Ն հրամանագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. 2015 թվականի ձմեռային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով` համաձայն N 1 հավելվածի:
2. 2015 թվականի ձմեռային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ և հաստատել դրանց կազմերը` համաձայն N 2 հավելվածի:
3. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը` համաձայն N 3 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`
1) 2015 թվականի ձմեռային զորակոչն անցկացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` 2015 թվականի նոյեմբեր – 2016 թվականի հունվար ամիսներին.
2) զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ նյութերն ուղարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ, իսկ զորակոչի ավարտից հետո` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի համապատասխան կայազորային քննչական բաժիններ (բաժանմունքներ).
3) առնվազն մեկ ամիս առաջ` մինչև զորակոչը կանխարգելիչ պատվաստումներ ստանալու համար ապահովել հանրապետության զինվորական կոմիսարիատների կողմից զորակոչվող քաղաքացիների` սահմանված կարգով ներկայանալը կցագրված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ:
5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին շարունակել զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև այդ բնույթի գործերով հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը:
6. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) ղեկավարներին`
1) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափելու համար քրեական հետապնդում հարուցված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.
2) իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչային տարիքի քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:
7. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին`
1) 2015 թվականի ձմեռային զորակոչի անցկացման համար զինվորական կոմիսարիատներին ապահովել զորակոչային տեղամասերով և պատշաճ պայմաններով հանձնաժողովների աշխատանքը ծավալելու համար, սպասարկող անձնակազմով, ինչպես նաև նյութական և ավտոտրանսպորտային միջոցներով.
2) հաստատել տեղական (ըստ զինվորական կոմիսարիատների կողմից սպասարկվող տարածքների) զորակոչային հանձնաժողովների անհատական կազմերը` դրանցում ընդգրկելով վարչատարածքում գործող բժշկական հաստատությունների առաջատար բժիշկ-մասնագետներին, իսկ Երևանում, անհրաժեշտության դեպքում, նաև` հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների բժիշկ-մասնագետներին.
3) նախատեսել և սահմանված կարգով յուրաքանչյուր բժիշկ-մասնագետի մի քանի թեկնածությունը սեղմ ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն` տեղական զորակոչային հանձնաժողովների 2015 թվականի ձմեռային զորակոչի բժշկական սպասարկումը պատշաճ կազմակերպելու նպատակով:
8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`
1) անհրաժեշտության դեպքում, համաձայն Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված հայտերի, տեղական զորակոչային հանձնաժողովների կազմերը համալրել հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների համապատասխան բժիշկ-մասնագետներով.
2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտով զորակոչիկների ֆլյուորո (ռենտգեն) զննում, սոնոգրաֆիկ հետազոտում, ինչպես նաև կանխարգելիչ պատվաստումներ կատարելու նպատակով հանձնարարել համակարգի բուժկանխարգելիչ հաստատություններին ապահովել անհրաժեշտ քանակով պատվաստանյութեր, ֆլյուորո (ռենտգեն) ժապավեններ և երևակման նյութեր:
9. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական մարմինների միջոցով պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ծանուցել «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան զինվորական կոմիսարիատներ ներկայանալու համար.
2) աջակցել օտարերկրյա պետություններում գտնվող` պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա քաղաքացիների Հայաստանի Հանրապետություն վերադարձին և ապահովել դրա մասին իրազեկումը Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարին:
10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`
1) ապահովել`
ա. զորակոչիկների անվտանգ փոխադրումը և հասարակական կարգի պահպանումը հանրապետության զորակոչային տեղամասերում,
բ. զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ու նրանց ներկայանալը զորակոչային տեղամասեր.
2) զորակոչի ընթացքում զորակոչիկներին Երևանի սահմաններից դուրս՝ փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար հանրապետական հավաքակայանին կցել ճանապարհային ոստիկանության վեց անձնակազմ:
11. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զորակոչիկների փոխադրումներն իրականացնելու համար:
12. Սահմանել, որ զորակոչի կազմակերպման ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին՝ բացառությամբ սույն որոշման 8-րդ կետով կատարվող ծախսերի:
13. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին` զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում և զորակոչային տարիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ հանրապետությունից մեկնումը թույլատրել միայն զինվորական գրքույկներում զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից օգտվելու մասին զինվորական կոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում:
14. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` Հայաստանի Հանրապետության տարածքային զինվորական կոմիսարիատներին կից հանձնաժողովներում նոր նշանակված բժիշկ-մասնագետների համար Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում պետպատվերի շրջանակներում կազմակերպել «Զորակոչիկների ռազմաբժշկական փորձաքննության 35-ժամյա ծրագրով» կատարելագործման դասընթացներ:
15. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և հանրապետական զորակոչային հանձնաժողովին:
16. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հավելված

Արխիվ

2024

2023